Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Հայաստանում կգործարկվի ծրագիր, որով բազմազավակ ընտանիքները կկարողանան պետության աջակցությամբ բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել։

Համապատասխան նախագիծը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Նախագծի նպատակն է բարձրացնել բազմազավակ ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը և բարելավել նրանց կենսապայմանները։ Ըստ հիմնավորման՝ ներկայում գործում է միայն մեկ բնակարանային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվում է միանվագ աջակցություն, իսկ վարկերի մարումը կատարում են շահառուները։

Նոր ծրագրով առաջարկվում է տրամադրել 100 տոկոս սուբսիդավորում՝ հնարավորություն տալով ընտանիքներին ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն։

Նախագծով նախատեսվում է յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով հատկացնել 4 մլն դրամ։ Եթե ընտանիքը նախընտրի բնակվել գյուղական բնակավայրում, ապա կտրամադրվի լրացուցիչ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հողամաս ձեռք բերելու կամ տան կառուցման համար։

Նախնական տվյալներով՝ Հայաստանում կա 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, իսկ մնացածը՝ ավելի մեծ թվով երեխաներ։

Ծրագրով նաև սահմանվում է նվազագույն բնակմակերես՝ յուրաքանչյուր անձի հաշվով 10 քմ։ Օրինակ՝ 6 երեխա ունեցող ընտանիքի համար անհրաժեշտ նվազագույն մակերեսը գնահատվում է 80 քմ, որի համար կարող է տրամադրվել շուրջ 24 մլն դրամ աջակցություն։

Նախագծի իրականացման համար առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ՝ պայմանով, որ բոլոր շահառու ընտանիքները մասնակցեն ծրագրին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում