Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության վերապատրաստման դասընթաց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության վերապատրաստման դասընթաց

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 20-ին կազմակերպվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթաց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացին մասնակցլ են ՆԳՆ ՓԾ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների կրտսեր հրահանգիչները և համակարգչային օպերատորները։

«Վերապատրաստումն անց էին կացնում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության բաժնի պատասխանատու ոլորտների սպաները։

Դասընթացի նպատակն էր ահազանգման առաջնային օղակում ծառայող, ահազանգեր սպասարկող անձնակազմի մասնագիտական ունակությունների բարելավումը, նոր կարողությունների ձևավորումը, գիտելիքների ձեռքբերումը և կատարելագործումը։

Վերապատրաստման մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, նշելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել ահազանգեր սպասարկող մասնագետների պատրաստավածությունը և աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի վերջիններս առավել պատրաստված լինեն և արագ կողմնորոշվեն քաղաքացիներին սպասարկելիս։ 

Տնօրենի տեղակալը շեշտեց հատկապես հոգեբանական բաղադրիչի և սթրեսակայունության կարևորությունը, որն առաջնային նախապայման է օգնություն ակնկալող քաղաքացուն սպասարկելու հարցում, քանի որ շատ հաճախ հենց ահազանգ սպասարկող անձից է կախված անհրաժեշտ օգնության ճիշտ և ժամանակին կազմակերպումն ու մարդկանց կյանքի փրկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ահազանգերի սպասարկման միջազգային փորձը, ահազանգման կենտրոնի փաստաթղթային փաթեթների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ահազանգողներին հեռախոսի միջոցով առաջին օգնություն տրամադրելու հրահանգները և մեթոդիկան։ 

Նշվում է, որ ծավալվել է ակտիվ քննարկում, բարձրացվել հարցեր, որոնց տրվել են մասնագիտական պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

Դասընթացի հաջորդ փուլում անձնակազմը հոգեբանական աջակցության մասնագետների օգնությամբ ծանոթացել է ինքնակարգավորման հմտությունների կիրառման տեխնիկաներին, մասնակիցների հետ իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում