Բախվում ենք մի շարք խնդիրների՝ խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ․ Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ազգային ժողովի պատվիրակության կազմում ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Վերջին տարիներին մենք ավելի եւ ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին եւ ազատազրկումներին, եւ այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսեւորումներ: Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե’ Փարիզում, թե’ Ստրասբուրգում: Շնորհավորում եմ զեկուցողներին հիանալի զեկույցների համար:
Թե’ հանձնաժողովի նիստերին, թե’ այսօր, ես շարունակաբար մտածում եմ` ինչպե՞ս մենք` որպես մարդու իրավունքները հիմքում ունեցող առաջատար կառույց, կարող ենք պաշտպանել ժողովրդավարությունը: Ժողովրդավարություն է ազատ խոսքի, ազատ կամարտահայտման, լրագրողների` իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու միակ պաշտպանը եւ երաշխիքը: Մենք, պարբերաբար, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, բախվում ենք մի շարք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ, որոնք շատ հաճախ դրական շարժառիթներով կարող են բացասական հետեւանքներ առաջացնել: Նման քննարկումներ ունեցանք այս շաբաթ մեր հանձնաժողովում, երբ քննարկում էինք խոսքի ազատության եւ պրոպագանդայի միջեւ անցնող շատ նուրբ սահմանը ու քննարկում էինք, որ կամարտահայտմամբ բոլոր ձեւերը կարող են տարբեր պետություններում տարբեր դրսեւորումներ ունենալ:
Ես հարց եմ ուղղում ինքս ինձ` արդյո՞ք սա նշանակում է, որ ավանդական ուսուցումը չի բավարարում հաղթահարելու այսօրվա մարտահրավերները, արդյո՞ք դպրոցի շրջանավարտն ունի բավարար մեդիագրագիտություն` տարբերելու իրականը կեղծիքից, որտե՞ղ ենք մենք ձախողում թե’ որպես կառույց, թե’ ազգային մակարդակով»,- ասել է նա:
Կարծիքներ