Մենք բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, այն չի նշանակում, որ ՌԴ այցեր չենք ունենալու. վարչապետ

Մենք բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, այն չի նշանակում, որ ՌԴ այցեր չենք ունենալու. վարչապետ

«Ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ, որովհետև ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի այն հարցին, որ մայիսի 9-ին Մոսկվա նախատեսվող այցի հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ կան, թե այցը, միջոցառումներին մասնակցելը չի վնասի Արևմուտքի հետ հարաբերություններին:

«Երկրորդ մասով ուզում եմ ասել՝ հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, և այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների, կամ առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ-ի հետ հարաբերություններ չենք զարգացնելու»,- ընդգծեց վարչապետը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ևս հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում