ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն

ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն

«Ժողովուրդ» օրաթերթի մարտի 31-ի համարում տպագրվել է հոդված՝ «Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել» վերտառությամբ հոդված, որը արտատպվել է մի շարք ԶԼՄ-ներում։ Հոդվածում տեղ գտած պնդումը անհիմն է և հավանաբար ՀՀ օրենսդրությունից անտեղյակ լինելու արդյունք է։

Հարկ է նշել, որ ՀՀ ԿԸՀ-ն ԵԽ Երևանյան գրասենյակի հետ համատեղ երեք օր առաջ՝ մարտի 28-29-ը, իրականացրել է երկօրյա աշխատաժողով ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Լրագրողներին մանրամասն ներկայացվել է օրենսդրությունը, այդ թվում՝ ինչպես է կարգավորվում նախընտրական քարոզչությունը, վերահսկողությունը, լուսաբանումը։ Հոդվածի հեղինակը ևս մասնակցել է աշխատաժողովին։

Հերթական անգամ հիշեցնում ենք, որ նախընտրական քարոզչությունը կարգավորվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-ից 23-րդ հոդվածներով։

 Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը Ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները՝ հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար:

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների պարագայում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին և քվեարկության օրը մինչև 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Մնացած ժամկետներում քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն ազատ են իրականացնել քարոզչություն։

Ընտրական օրենսգրքով հատուկ սահմանված է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Կրկնում ենք մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում և անել ցանկացած գործողություն, որն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ։

Հիշեցնում  ենք նաև, որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրման ժամկետը ապրիլի 13-23-ն է, գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 3-ը։

ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք ԱԺ ընտրությունները լուսաբանելիս առաջնորդվել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի» կարգավորումներով, ԿԸՀ-ի դերի և գործառույթների մասին ապատեղեկատվություն չտարածել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում