Պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն տարիք կսահմանվի 32-ը. ծառայության ժամկետը հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել

Պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն տարիք կսահմանվի 32-ը. ծառայության ժամկետը հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հավանություն ստացավ կառավարության մայիսի 22-ի նիստում: 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն է: 

Պատգամավորն առաջարկել էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով: 

Սարգսյանն առաջարկել էր նաև պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 32 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ: Այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն:  

Պատգամավորն առաջարկել էր նաև մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ:  

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պաշտպանության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները, որոնք ընդունելի են եղել պատգամավորի համար։ 

«Ձևակերպվել են հետևյալ առաջարկները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դրանց ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը»,–ասաց Պապիկյանը: 

Նախարարի խոսքով՝ 32 տարեկանի սահմանումը կազդի այն մարդկանց վրա, որոնց 18 տարին նոր է լրանալու: «Արդեն 19, 20, 27, 32 տարեկան քաղաքացիների վրա սա չի ազդելու: Այսինքն՝ զորակոչային տարիք մուտք գործողների վրա կազդի մինչև 32 տարեկանի կարգավորումը»,-նշեց նախարարը: 

Պապիկյանի խոսքով՝ Պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն առաջարկվում է Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ-ի նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:   

Նախագիծը հաջորդիվ կքննարկվի ԱԺ-ում:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում