Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ

Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է The Insider-ի հրապարակմանը՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գործակալ լինելու վերաբերյալ հրապարակմանը։

«Միջազգային և հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված կալուգացի օլիգարխը, ոչ ավելի, ոչ պակաս Անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն՝ այն մարդն, ով եկել է և Հայաստանի քաղաքական պրոցեսներին մասնակցում է, փաստորեն, ФСБ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում և շրջանառվում է մամուլում և բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը երկու օր առաջ ասում էի, որ այն մարդը, որն օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպն այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ, հնարավոր չէ անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրենք սկսել են խոսել երեք հարյուր հազար, հիմա էլ հասել են մեկ միլիոնի, ադրբեջանցիների Հայաստան գալու մասին. սա այլ կերպ, քան գործակալի, լրտեսի գործելակերպ, ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել և ինչո՞ւ են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն, մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ։

Հայ ժողովուրդը հնարավորություն ունի դա թույլ չտալու։ Դրա համար մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց, կներեք, գործակալներին ուղարկել այստեղ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու և գործակալական ցանցեր ստեղծելու, գործընկերային չէ։ Այն, որ կալուգացի օլիգարխն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է և յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ընտրություն կատարի՝ ինքը գործակա՞լ է, թե՞ քաղաքացի:

Այդ կուսակցության յուրաքանչյուր աջակից, համակիր, մասնակից, յուրաքանչյուր շտաբի աշխատակից պետք է հստակ ընտրություն կատարի, և ես հավատում եմ, որ նրանց մեծ մասն ընտրություն է կատարելու քաղաքացիության օգտին, իսկ նրանք, ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից»,- ասել է Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում