ԵԽ նոր զեկույցում Հայաստանը որակվում է որպես տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար. կոչ է ուղղվել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից:
Զեկույցը դրական է արտահայտվում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքի մասին, որի արդյունքում ՀՀ-ն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:
Եվրախորհրդարանի կայքում հրապարակված զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը: Այս համատեքստում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։
Զեկույցը նաև հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել փոխադարձաբար ընդունելւ խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին՝ հորդորում է շարունակել ներգրավվել, միջնորդել ու արդյունավետ կերպով նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատել են, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ Հայաստանի վերջին տարիներին իրականացրած նշանակալի բարեփոխումների, ժողովրդավարացման գործընթացի արդյունքում երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:
ԵԽ պատգամավորները կոչ են անում նաև Եվրամիությանն ու Հայաստանին սերտորեն աշխատել Համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում հետագա բարեփոխումների իրականացման վրա՝ շեշտելով, որ այն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ:
Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով:
Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:
Կարծիքներ