Ստոլտենբերգը ցանկանում է հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշել է հունվարի 12-ին հրավիրել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի (NRC) նիստ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով դաշինքի աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ՆԱՏՕ-ն այս հարցով կապի մեջ է Ռուսաստանի հետ։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ՝ դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի մակարդակով։
Երեքշաբթի օրը դաշինքի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն առաջարկում է Ռուսաստանի Դաշնությանը 2022 թվականի սկզբին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն երբեք փոխզիջման չի գնա Ռուսաստանի հետ Ուկրաինայի՝ իր ուղին ընտրելու և դաշինքին միանալու հավակնելու իրավունքի հարցում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ օրը հաստատել է, որ Մոսկվան առաջարկ է ստացել Բրյուսելից՝ հրավիրել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերի նախագծերը։ Դրանք դեկտեմբերի 15-ին հանձնվել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը մինչ այժմ նշել է ԱՄՆ-ի դրական արձագանքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին։ Ըստ ամերիկացի գործընկերների, նշել է ՌԴ ղեկավարը, ԱՄՆ-ն պատրաստ է սկսել այդ բանակցությունները տարեսկզբին Ժնևում։ Բացի այդ, ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների ստացումը և ասել, որ դաշինքը կվերլուծի դրանք։
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած Իտալիայի կառավարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: NRC-ի շրջանակներում Ռուսաստանը և ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները ներկայացված են որպես իրավահավասար գործընկերներ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Վերջին անգամ այս ձևաչափով հանդիպում տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին։
Կարծիքներ