ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը կարժենա 1,5 մլն դրամ. կարգի փոփոխման նախագիծ է ներկայացվել. մանրամասներ
Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կարգը կարող է փոփոխվել։
Ներքին գործերի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ինչպես ընթացակարգերում, այնպես էլ պետական տուրքի չափերում։
Նախագծի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելու պետական տուրքը կարող է ներկայիս 50 հազար դրամից դառնալ 250 հազար դրամ։
Ավելի մեծ փոփոխություն է նախատեսվում քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Այդ գործընթացի համար պետական տուրքը կարող է ներկայիս 150 հազար դրամից բարձրանալ մինչև 1 միլիոն 500 հազար դրամ։
Նախագծով նախատեսվում է նաև, որ քաղաքացիություն ստանալու կամ դրանից հրաժարվելու համար դիմումները սկզբում կներկայացվեն էլեկտրոնային եղանակով։ Դրանից հետո անհրաժեշտության դեպքում անձը կկարողանա հերթագրվել և փաստաթղթերը ներկայացնել անձամբ։
Քաղաքացիություն ստանալու ընդհանուր կարգի պայմանները նույնպես կփոխվեն։ Անձը պետք է վերջին 5 տարիներին օրինական բնակված լինի Հայաստանում և այդ ընթացքում առնվազն 915 օր գտնված լինի երկրի տարածքում։


Կարծիքներ