Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները. Առողջապահության նախարարությունը՝ ցրտահարության նշանների մասին

Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները. Առողջապահության նախարարությունը՝ ցրտահարության նշանների մասին

Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով ցրտահարության նշանները։ 

Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները` քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր։



Հետևյալ գործոնները կարող են նպաստել ցրտահարության զարգացմանը. սեղմող, թաց հագուստ, քամի, ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ` ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև` ալկոհոլի քրոնիկ չարաշահում, ծխելու անամնեզ, նախկինում ունեցած ցրտահարություններ, բարձր լեռնային (թթվածնի ցածր խտությամբ) շրջաններում լինելը։ Մանկահասակ և տարեց պացիենտները նույնպես ռիսկի խումբ են։

Կարևոր է տարբերել ցրտահարությունը, որը հյուսվածքների` միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում առաջացող տեղային վնասում է, և ընդհանուր սառեցումը, որը մարմնի և օրգանիզմի վրա միջավայրի ընդհանուր ազդեցությունը նկարագրող ախտաբանական վիճակ է և կարող է ընդհուպ մահվան պատճառ դառնալ։

Ցրտահարությունը անտեսելու դեպքում հյուսվածքները, որոնք արդեն իսկ հայտնվել էին թերսնուցվող վիճակում, կարող են մեռուկանալ` արյունամատակարարման շարունակական վատացման և վնասման խորացման հետևանքով։ Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները, ալկոհոլ օգագործել, կտրուկ տաքացնել (օրինակ` տաք ջրի մեջ ընկղմելով)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում