Պետական մարմինների PR-պատասխանատուները մասնակցել են «Կառավարության իրազեկման արշավների և ուղերձի մշակում» աշխատաժողովի

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը դեկտեմբերի 9-10-ին կազմակերպել է «Կառավարության իրազեկման արշավների և ուղերձի մշակում» խորագրով աշխատաժողով՝ ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների և գերատեսչությունների՝ հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու ղեկավարների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը «Ֆեյսբուք»-իր էջում տեղեկացնում է, որ աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը և «Աջակցություն ՀԸԳՀ մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը» ԵՄ ծրագրի հաղորդակցության հիմնական փորձագետ Ֆլորին Պասնիկուն։
«Աշխատաժողովի շրջանակում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և «Դոպինգ» գովազդային/ստեղծարար ընկերության կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կայուն զարգացման նպատակների Նորարարական կենտրոնի փորձագետ Աշխեն Սավթալյանը մասնակիցների հետ անդրադարձել են PR-արշավների կազմակերպման բովանդակային և տեխնիկական առանձնահատկություններին, արշավների միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին, ինչպես նաև թիրախային լսարանի հետ աշխատանքի գործիքակազմին, արշավների միջոցով հասարակության վարքաբանական փոփոխություն արձանագրելու հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը» ծրագրի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակներում:
Կարծիքներ