Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Օրեր առաջ մի քանի ոչ ՔՊ-ական ընկերների հետ քննարկում էինք մեր երկրում ընթացող գործընթացները և զուգահեռներ էինք տանում 2026 թվականի ապրիլի և 2018 թվականի ապրիլի միջև։

Այս մասին ասաց Արարատ Միրզոյանը ՔՊԿ 8-րդ համաժողովի իր ելույթի խոսքում՝ շարունակելով․

«Մենք հիշեցինք Հանրապետության հրապարակում բազմահազար քաղաքացիներին ուղղված իմ մի քանի համեստ դիտարկումները, հորդորները։ Ա յդ օրը, երբ ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակն արդեն ակնհայտորեն շոշափելի էր, ես ժողովրդին ասում էի, որ սա դեռ գործընթացի, պայքարի ավարտը չէ, որովհետև կան ուժեր, որոնք փորձելու են ժողովրդից խլել նրա ձեռքբերումներն ու այդ հաղթանակը։

Ես վստահեցնում էի, որ նրանք, ովքեր առաջնորդություն ստանձնեցին այդ հեղափոխության ժամանակ, ինչպես կանգնած են եղել պայքարի առաջնագծում, այնպես էլ շարունակելու են կանգնած մնալ։ Բայց ես ունեի մի խնդրանք-պահանջ մեր քաղաքացիներից․հորդորում էի, որ  պայքարի հետագա գործընթացում մեզ մենակ չթողնեն, լինեն մեր կողքին։

Հետո եղավ այն, ինչ կանխատեսում էինք, նաև այն, ինչը չէինք կանխատեսում։ Եղան ծանրագույն փորձություններ, որոնց ընթացքում ՀՀ քաղաքացիները մեզ մենակ չեն թողել և տեր են կանգնել ժողովրդավարությանը, երկրի ինքնիշխանությանը և հետո նաև խաղաղությանը։

Այդ մասին դեռ շատ է խոսվելու, բայց այս պատմությունը մեդալի մյուս կողմն էլ ունի։ Այդ ծանրագույն փորձությունների ընթացքում մենք էլ ՀՀ քաղաքացիներին մենակ չենք թողել, մենք երերացել ենք հարվածներից, վիրավորվել ենք, բայց մնացել ենք կանգնած, չենք փախել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը։ Մեր ժողովրդին, իր իսկ հանձնարարությամբ, առաջնորդել ենք դեպի ինքնիշխանություն, խաղաղություն և ժողովրդավարություն»,- ասաց Միրզոյանը։

Այս գործընթացում, ըստ Արարատ Միրզոյանի, մարմնացավ ու նյութականացավ, կոփվեց այն, ինչ տարիների առաջ անվանել էին «Քաղաքացիական պայմանագիր»։

«Դա էր այն պայմանագիրը, որը կնքվեց, մարմնականացավ  ու գործեց մեր և քաղաքացիների միջև, բոլորի և առանձին վերցրած՝ երկու քաղաքացիների միջև։ Այսօր կարող ենք ասել, որ այդ փորձությունների ընթացքում պայմանագրի բոլոր կողմերը պատվով կատարեցին իրենց պարտավորությունները։ Ես տեսնում եմ, որ ՀՀ քաղաքացիները չեն ավարտել գործը և տեսնում են, որ մենք էլ չենք ավերտել մեր գործը, իրենց տված այն պատվերը, որի համար իրենք վճարել են շատ թանկ և շարունակում են վճարել։ Հետևաբար, պետք է շարունակենք միասին իրագործել մեր համատեղ պայմանագիրը, շարունակենք միասին առաջ գնալ և տեր կանգնենք մեր ժողովրդավարությանը, խաղաղությանը և ինքնիշխանությանը։

Ուզում եմ ելույթս եզրափակել այն բառերով, որը ինքս հնչեցրել եմ մեր պատմության թերևս ամենածանր օրերից մեկի ժամանակ ՄԱԿ ԱԽ նիստում, այն պահին, որ թվում էր, թե այլևս կյանք չի լինելու։

Ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ելույթը եզրափակեց Արարատ Միրզոյանը։    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում