Տավուշի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցում էին ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ՊԳԿ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ՊԳԿ ավագ տնտեսագետ/ծրագրերի ղեկավար Վարդան Բարսեղյանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՊԳԿ հայաստանյան գրասենյակի առաջնահերթությունները երկրում, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես Տավուշի մարզում, ինչպես նաև տեղեկացնել հանդիպման մասնակիցներին LEAD ծրագրի գործունեության և առաջընթացի մասին:

Հայկ Ղալումյանը կարևորել է մարզային զարգացման ծրագրերի առկայությունը, մասնավորապես ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք միառժամանակ կօգնեն մի քանի համայնքների և ոլորտների, կխթանեն գյուղատնտեսական գործունեությունը:

Կողմերը պարտավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը։ Մարզում ծրագրերն ու միջամտությունները կձևավորվեն` լուծելու մարզային իշխանությունների կողմից վեր հանված հիմնական մարտահրավերները, որոնք համահունչ կլինեն մարզային զարգացման ռազմավարություններին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում՝ ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով:
ՊԳԿ-ն շահագրգռված է մարզային իշխանությունների հետ ավելի խոր համագործակցությամբ` մարզերում գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում