Կառավարությունը մեծ հարկային արտոնություններ է տվել գործարանին, աջակցել «Տաշիր» ընկերություններին. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Վանաձորի մասին արված հայտարարություններին:
«Օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը խոստանում էր Վանաձորում մեծ գործարան կառուցել։
Մինչև այդ մեծ գործարանի կառուցումը հուսով եմ՝ Կարապետյանները վերջապես կավարտեն մի փոքր գործարանի կառուցում, որը տարիներով ձգձգվում է (խոսքը մետաղաձուլարանի մասին է)։
Ինչո՞ւ եմ սա կարևորում, որովհետև ի տարբերություն «գործարան կառուցել ու աշխատեցնել իմացող» Կարապետյանների, որոնք այդպես էլ չեն կարողանում ավարտին հասցնել մետաղաձուլարանի աշխատանքները՝ մյուս գործարանները՝ Միկ Մետալ, Քարակերտի մետաղաձուլարան և Ջի Թի Բի սթիլ մետաղաձուլարան, ոչ միայն ավարտել են, այլև արտադրանք են թողարկում, արտադրանքը շուկայահանել են, մոտ 1000 աշխատատեղեր են ստեղծել ու հարկեր են վճարում։
Ընդ որում՝ Կառավարությունը մեծ ջանքեր ու հարկային արտոնություններ է տվել այս գործարանին, բայց միևնույն է «գործարան կառուցող» Նարեկ Կարապետյանը չի կարողանում այս գործարանի աշխատանքները վերջնական ավարտել։
Ի դեպ, ՀՀ կառավարությունը մշտապես աջակցել է «Տաշիր» ընկերությունների խմբին, որպեսզի առավելագույն հարմարավետ զգան իրենց մեր երկրում ու ներդրումներ անեն, օրինակ, միայն 2024թ. էլցանցերի տրանսֆորմատորների արտադրության համար տվել ենք 590 մլն դրամ աջակցություն, իսկ էլեկտրական հաշվիչների արկղերի արտադրության համար՝ 210 մլն դրամ աջակցություն։ Ընդհանուր միայն այս 2-ին 2024-ին՝ 800 մլն դրամ։
Մալուխների արտադրության համար արդեն 5 տարի է՝ տալիս ենք 30% շահութահարկի զեղչ։
Վերոնշված մետաղաձուլարանը, որն այդպես էլ չի շահագործվում, ևս արտոնություն է ստացել Կառավարությունից 2024թ.-ին, մասնավորապես գործում է ազատ տնտեսական գոտում և ըստ էության հարկ չի վճարում։
«Տաշիրի» մեկ այլ ընկերություն աշխատում է 2% շահութահարկով, իսկ Հրազդան քաղաքում գործող ԱՏԳ-ն, որը որոշվել է Կառավարության կողմից, նույնպես այս խումբն է կառավարում։
Ու սա դեռ «Տաշիրին» տրված աջակցությունների մի մասն է։ Եվ, առհասարակ, ես չգիտեմ՝ «Տաշիրի» մեկ նախաձեռնություն, բացի պիցերիաներից, որը տեղի է ունեցել առանց Կառավարության շատ մեծ աջակցության։
Ու այսքանից հետո թե ինչու են բողոքում Կարապետյանները և ինչու են մոռացել այս աջակցությունները, թողնում եմ ձեր դատին»,- գրել է Պապոյանը:
Կարծիքներ