Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։
«Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն պատրաստ լինի, կներկայացվի հանրության դատին՝ հայեցակարգային առանձին դրույթներով։ Կտրվի բավարար ժամանակահատված, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք։ Վերջին հաշվով հենց ժողովուրդն է քվեարկելու նոր Սահմանադրությանը՝ կողմ կամ դեմ», – ընդգծեց նախարարը։
Նախարար Գալյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ընթանում է մեկ հայեցակարգի հիման վրա, սակայն այդ շրջանակում տարբեր նորմերի վերաբերյալ անցկացվում են բազմակողմ քննարկումներ։
Նա նշեց, որ գործընթացում ընդգրկված են ոչ միայն խորհրդի անդամները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնց մասնակցությունը նախարարությունը խրախուսում է։
Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք քննարկվո՞ւմ է Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության տեքստից հանելու հարցը, Գալյանը պատասխանեց. «Մենք տարբեր տարբերակներ ենք դիտարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Երբ որոշակի կլինի տեքստը, իհարկե, կկիսվենք ձեզ հետ»։
Նախարարը նաև ընդդիմադիր ուժերին է հորդորել մասնակցել քննարկումներին՝ ընդգծելով, որ դուռը բաց է բոլորի համար, սակայն որոշ ներկայացուցիչներ դեռ չեն միացել աշխատանքներին։
Հարցին՝ երբ կարող է անցկացվել հանրաքվե, Գալյանը պատասխանեց, որ հստակ ժամկետներ նշել չի կարող, սակայն ընդգծեց՝ Սահմանադրության տեքստի վերաբերյալ որևէ բան «կուլիսների հետևում պահելու» մտադրություն չկա։
«Կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա։ Երբ մեզ հարցնում են՝ ինչո՞ւ չեք ասում, ես պատասխանում եմ՝ իհարկե, ասելու ենք», – եզրափակեց նախարարը։
Կարծիքներ