Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է․ Գնել Սանոսյան

Երևանում տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պատգամավորներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մարզպետներ, համայնքապետեր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ, հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է։
«Վերջին տարիներին մեր հասարակությունն ու հանրային կառավարման ինստիտուտները ստիպված էին արձագանքել մի շարք բարդագույն մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակ, 44-օրյա պատերազմ, 100 հազարից ավել բռնի տեղահանված հայրենակիցների մի քանի օրվա ընթացքում ընդունելու և նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելու անհրաժեշտություն։ Այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով կատարաված աշխատանքներում անգնահատելի է տեղական ինքնակառավարման համակարգի դերակատարումը։ ՏԻՄ-երը՝ որպես արագ արձագանքման առաջնային օղակ, ցույց տվեցին պետական կառավարման մարմինների հետ համագործակցված աշխատելու, տեղական մակարդակում պատասխանատու որոշումներ կայացնելու և անհրաժեշտ կարողություններ համախմբելու ունակություն»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ՏԻՄ-երի կարևորությունն ու զարգացման ռազմավարությունը հայտարարված են կառավարության 2021-26 թվականների ծրագրերում, որոնց թիրախները հավակնոտ են և հաշվի են առնում այն նոր հնարավորություններն ու կարողությունները, որոնք ձևավորվել են համայնքներում 2015-22 թվականների ընթացքում իրականացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում։
Գերատեսչության ղեկավարն այս դժվար բարեփոխումների գործընթացում կարևորեց միջազգային գործընկերների դերակատարումը։
«Մենք այժմ էլ ունենք համագործակցության ծրագրերի մեծ փաթեթ՝ ուղղված համայնքային ունակությունների և կարողությունների բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, թվայնացման առաջմղմանը»,-մանրամասնեց Սանոսյանը՝ ավելացնելով, որ դրանք ընդգրկում են համայնքին առնչվող գրեթե բոլոր ուղղությունները։
Կարծիքներ