Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միության կողմից ոչ ոք չի ցանկանում Հայաստանի նկատմամբ որևէ կոնկրետ քայլ ձեռնարկել. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, որը բարեխղճորեն կատարում է Եվրասիական տնտեսական միությունում իր պարտականությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությունում ոչ ոք չի ցանկանում Հայաստանի նկատմամբ որևէ կոնկրետ քայլ անել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է։ Հայատանը բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Ես սա կարող եմ պատասխանատու կերպով ասել, որովհետև մենք մոնիթորինգ ենք անում Հայաստանի ողջ նորմատիվ իրավական բազան իր պարտավորություններից հնարավոր շեղումների առումով, որոնք նա վերցրել է իր վրա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Եվ այդպիսի շեղումներ մենք չենք հայտնաբերել։ Այո, այնտեղ հռչակվել է եվրոպական ստանդարտներին անցում կատարելու ցանկություն, բայց ես ուզում եմ ասել, որ ոչ բոլոր եվրոպական ստանդարտներն են վատ։ Այնտեղ շատ լավ բաներ էլ կան։ Իսկ ի՞նչն է մեզ անհանգստացնում։ Եվրամիությունն այսօր փաստացի տնտեսական ինտեգրացիոն միությունից տրանսֆորմացիայի է ենթարկվել, ինչի մասին մենք բոլորս լավ գիտենք, և այնտեղ շատ լավ և գրավիչ բաներ արվել են։ Բայց այն տրանսֆորմացվել է ռազմաքաղաքական միության, որն այսօր թշնամական պահվածք է դրսևորում մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում, թե ո՞ւր է գնում Հայաստանը, որո՞նք են դրա հետևանքները, ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ շարժմանը»,- ասել է Օվերչուկը։
Նա հավելել է՝ մյուս կողմից շատ լավ հասկանում են, որ եթե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, ապա պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի, թե որտեղ պետք է լինի։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների ընդունած հայտարարությունը Աստանայում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, հայկական ղեկավարությանը հստակ առաջարկում է մտածել հանրաքվե անցկացնելու մասին հնարավորինս սեղմ ժամկետներում։
«Ես կարծում եմ, որ դա կբխի բոլորի շահերից, որովհետև ներկայիս անկայուն վիճակը անորոշություն է ստեղծում առաջին հերթին բոլոր ներդրողների համար։ Ինչո՞ւ, որովհետև եթե, ենթադրենք, Հայաստանը գնում է Եվրամիություն, դա նշանակում է, որ այնտեղ նոր ստանդարտներ են լինելու, նոր տեխնիկական ռեգլամենտներ, որոնք մեր ստանդարտներին և ռեգլամենտներին չեն համապատասխանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա հավելել է, որ անորոշությունն այս հարցում վնասակար է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։ «Դրա համար էլ Եվրասիական տնտեսական միության ղեկավարները խնդրել են հնարավորինս շուտ կողմնորոշվել։ Եվ, իհարկե, եթե խոսենք Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասին, ապա այն այսօր չի նախատեսում Միության անդամ որևէ պետության հեռացումը կամ Միության աշխատանքներին մասնակցության դադարեցումը։ Դա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրել զուտ իրավական տեսանկյունից, որովհետև մենք այսօր բախվել ենք կոնկրետ իրավական կոլիզիայի, և այն պետք է ուսումնասիրել։ Սրան պետք է շատ հանգիստ վերաբերվել, և մենք հանգիստ կաշխատենք։ Բայց նորից՝ մեզ շատ է անհանգստացնում այդ եվրաձգտման շարժումը, որը, մեր կարծիքով, պոտենցիալ շատ մեծ վնաս է հասցնում Հայաստանին, Եվրասիական տնտեսական միությանը, մեր երկրների բիզնեսներին, որոնք անորոշ վիճակում են։ Իսկ ի՞նչ անել։ Հենց սրանում է հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, որին պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել»,- ընդգծել է Օվերչուկը։
Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է մինչև 2026 թվականի դեկտեմբեր դիտարկվեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու տարբերակներ, Օվերչուկը պատասխանել է.
«Ոչ, խոսքն այն մաքսին է, որպեսզի ուսումնասիրենք գործողությունների հնարավորությունները և մինչև դեկտեմբեր զեկուցենք դրանց մասին։ Ակնհայտ է, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում կմտնեն համապատասխան շահագրգիր անդամ-պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին հանձնարարվել է ուսումնասիրել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և կներկայացնեն առաջարկներ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,- ասել է նա։


Կարծիքներ