ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում առաջարկվում են փոփոխություններ և լրացումներ։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է լրացնել գործող օրենքում առկա բացերը, իրավական կարգավորում տալ բացահայտված խնդիրներին, ինչպես նաև բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր խնդիրները՝ ապահովելով ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է համապատասխան օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Այն ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է հստակ կարգավորել ծառայությունում պաշտոնների նշանակման և փոխադրման գործընթացները (բարձր, հավասար կամ ցածր պաշտոնների դեպքում), վերացնել օրենքի տարբեր հոդվածների միջև առկա տարընկալումները, ինչպես նաև ապահովել ատեստավորման գործընթացի հստակությունն ու իրավական որոշակիությունը։

Առաջարկվում է նաև ընդլայնել արձակուրդների տեսակները։ Մասնավորապես՝ նախատեսվում է ներդնել հայրության նպատակային արձակուրդ, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրել նաև տղամարդ ծառայողներին։ Բացի այդ, առաջարկվում է սահմանել լրացուցիչ արձակուրդներ՝ ծառայությունում 15–25 և 25-ից ավելի տարվա ստաժ ունեցող աշխատակիցների համար՝ երկարատև ծառայության պայմաններում հանգստի անհրաժեշտությունը հաշվի առնելով։

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը։ Առաջարկվում է լիազորել Արտաքին հետախուզության ծառայության պետին սահմանելու զենքի և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահպանման կարգը։

Բացի այդ, ծառայությանը նախատեսվում է վերապահել ձերբակալելու համապատասխան իրավասություն, որը, ինչպես նշվում է, բխում է գործող իրավական ակտերից և համահունչ է դրանց։

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին։

Փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և նախատեսվում է այն քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում