Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան
Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Երբ 1995 թվականին ընդունվեց Սահմանադրությունը, դրանում եկեղեցու մասին որևէ դրույթ չկար, կար միայն կրոնի և խղճի ազատության մասին դրույթ։
2005 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք անցկացվեցին Սահմանադրական փոփոխությունները, առաջին անգամ ներառվեց դրույթ, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից, և նշվեց նաև, որ օրենքն ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը։
Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պետություն-եկեղեցի հարաբերությունների քննարկումներին։
«Այս պահին գործող Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, բայց հետո, երբ խոսում է, մասնավորապես, ՀԱԵ-ի մասին, ասում է, որ, ի տարբերություն բոլոր կրոնական կազմակերպությունների, ՀԱԵ-պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն՝ մեզ՝ օրենսդիրներիս, Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի գանք այստեղ և կարգավորենք պետություն-ՀԱԵ հարաբերությունները։
Մի բան, որը, ըստ Սահմանադրության, չենք կարող անել այլ կրոնական կազմակերպությունների դեպքում։ Օրինակ՝ չենք կարող հայ կաթոլիկ եկեղեցու մասին օրենք ընդունել»,— ասաց նա։


Կարծիքներ