ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր

ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամաբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն և կայունություն ոչ միայն ՀՀ սահմաններին, այլև ողջ տարածաշրջանում:

Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Փաստենք առաջնայինը. հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Թերևս բոլորը գիտեն, որ Ադրբեջանը տևական ժամանակ չէր համաձայնում սրան:

Հաջորդը , որոշված հատվածներում սահմանազատման գործընթացը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու պայմանավորվածությունն է, այսինքն ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա:

Կրկին, փաստենք, որ այս կետը ևս գրավոր կերպով Ադրբեջանը չէր համաձայնում արձանագրել:

Այսպիսով, ինչ է սա տալու Հայաստանին հարցը ունի անառարկելի դրական պատասխան. սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ:

Եվ վերջում, թերևս, ավելորդ անգամ, բայց արձանագրենք. գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ ուղիղ նշվում են գյուղերի անունները փակագծում հայկական գյուղերի կողքը ՀՀ, ադրբեջանականը՝ ԱՀ նշումով:

Ձևակերպված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն և կայունություն ոչ միայն մեր սահմաններին, այլև ողջ տարածաշրջանում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում