Բաքվում կայացել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվում կայացել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվում այսօր՝ հունվարի 7-ին, սկսվել է առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ցուցմունք է տվել մեղադրյալ Վագիֆ Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել և՛ ինքը, և՛ իր փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

«Ես երդվում եմ, որ անմեղ եմ: Ինձ մեղադրողին չեմ ճանաչում։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ես մարդ եմ սպանել: Բայց ես այնտեղ չեմ եղել»,- ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանի պաշտպանը ճառի ժամանակ դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը, որը դատավարության ժամանակ հանդես է եկել որպես տուժող, ինչպես նաև պետական դատախազը, խնդրել են չբավարարել բողոքը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 15-ին։

Հիշեցնենք՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական ապօրինի զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու համար շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել էր նոյեմբերի 27-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում