Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և «պետությանը պատճառված հանրային վնաս» ձևակերպումը հանվել է մեղադրանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպան Վաչե Սիմոնյանը։

«Վարույթն իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս։ 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, մեկը նույնիսկ արդարացվել է։

Փաստաբանի խոսքով՝ նշված գործով ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին վնաս է պատճառվել, «Հարմոնիա» ընկերությունը բաց թողնված եկամուտի տեսքով կրել է վնաս, պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից․ «Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ այլևս «պետությանը պատճառված վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Հանրային վնասն ամենավիթխարի մասն էր այս գործի, որն առաջին ժամանակներում ծանրացնում էր գործը և նման աղմուկով հրամցվում էր հանրությանը, և մարդիկ ուղղակի տարվում էին կալանքի։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ արդարացման, իսկ Վահան Քերոբյանի դեպքում «պետությանը հանրային վնաս պատճառելու» մեղադրանքը  հանելու որոշումներ կայացնելու  պարագայում այս գործն աղքատանում է»,-եզրափակեց Սիմոնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում