Փարաքարի, Զովունու և Աջափնյակի աղմկահարույց դեպքերի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի մտորում-նկատառումները

Փարաքարի, Զովունու և Աջափնյակի աղմկահարույց դեպքերի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի մտորում-նկատառումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եվ անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի շարք մտորում-նկատառումներով է հանդես եկել վերջին կարճ ժամանակաշրջանում Փարաքարում, Զովունիում, Աջափնյակում տեղի ունեցած հայտնի ակնհայտ հանցավոր դրսևորումների լույսի ներքո Հայաստանում տիրող ներքին անվտանգային միջավայրի ու խնդիրների շուրջ։

 

Համեմատաբար վերջին կարճ ժամանակաշրջանում Փարաքարում, Զովունիում, Աջափնյակում տեղի ունեցած հայտնի ակնհայտ հանցավոր դրսևորումները ակամայից թույլ են տալիս խորհելու, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, իրավական, գիտակցական և այլ մակարդակներում հաջողությամբ իրականացվող փուլային բարեփոխումների ու դրանց դրական արդյունքների արձանագրումների համայնապատկերում մտահոգիչ են թվում ընդհանուր առմամբ ներքին անվտանգային և մասնավորապես՝ անձի կյանքի և առողջության ապահովման ու պահպանման հարցերը։

 

Ամենևին չցանկանալով խորանալ վերը նշված արդեն իսկ հայտնի ակնհայտ հանցավոր իրադարձությունների մանրամասների ու դետալների մեջ, ինչպես նաև տեղի ունեցածն ընդամենը դիտարկելով՝ իբրև հասարակական-սոցիալական և իրավական երևույթ՝ նույն իրադարձությունները թույլ են տալիս խորհելու մի շարք մտորում-նկատառումների շուրջ, որպիսիք, կարծում եմ, կարիք ունեն մանրամասն քննարկման ու վերլուծության հանրային ու մասնագիտական առավել լայն շրջանակներում՝ խնդրո առարկայի կապակցությամբ հնարավոր լուծումներ առաջարկելու ու դրանց ընթացք տալու համար։

 

Խնդիրն ամենևին էլ չի կայանում նրանում, որ մեր իրականության մեջ տեղի են ունեցել առանձին հանցավոր դրսևորումներ, որպիսիք բոլոր ժամանակաշրջաններում ու բոլոր հասարակություններում անխուսափելիորեն առկա են եղել ու դեռ լինելու են, այլ կայանում է նրանում, որ դրանք իրենց համեմատաբար կարճ ժամանակաշրջանում տարածվածության ու հանդիպման հաճախականության, կազմակերպվածության, հանրային ու անհատական շահերին ու իրավունքներին պատճառված վնասների ծանրության հատկանիշներով, ինչպես նաև այդ հանցագործությունները կատարողների ու դրանց մյուս հնարավոր հանցակիցների (կազմակերպիչների, դրդիչների, օժանդակողների) կողմից ցուցաբերված բացահայտ հանդգնության, անպատասխանատվության, անպատժելիության, հասարակական արհամարհանքի, դաժանության, անտարբերության, հակաբարոյական զգացողություններով ու դրսևորումներով խաթարում են պետության ներքին անվտանգային միջավայրն ու ստեղծում համընդհանուր անվստահության մթնոլորտ՝ դրանով իսկ առաջացնելով համապատասխան հիմնախնդիրներ, մտահոգություններ ու մարտահրավերներ՝ լայնածավալ հասարակական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, իրավական, մշակութային, ժողովրդավարական, հակակոռուպցիոն արդիական դրական բարեփոխումների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խաղաղ գոյակցության, գոյատևման ու փոխգործակցության պետական քաղաքականության ուղղությունն ընտրած Հայաստանի Հանրապետության համար, որպիսի հանգամանքը լուրջ մտածմունքի ու համարժեք հետևությունների կատարման առիթ է հանդիսանում։ Կարծում եմ՝ հենց վերը թվարկված հատկանիշների, զգացողությունների ու դրսևորումների համակցությունը հաշվի առնելով էլ բնութագրվում է ցանկացած հակաիրավական արարքի հասարակական առավել մեծ վտանգավորությունը՝ վերջինս քրեական հակաօրինականություն հաղորդելու ու դրանք առավել ծանր քրեաիրավական երևույթների շարքին դասելու առումով։

 

Վերը նշվածի հաշվառմամբ հասարակական իրավագիտակցական ընկալման շրջանակներում բնականորեն ծագում են ընդհանրական բնույթի մի շարք հարցադրումներ, որոնք ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին․

 

1) Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում լայնամասշտաբ և բազմաոլորտ բարեփոխումների իրականացման ժամանակաշրջանում վերը նշված ակնհայտ հանցավոր դրսևորումների շարունակական առկայությունը, որո՞նք են դրանց ծնող պատճառներն ու նպաստող պայմանները, դրանք լիարժեքորեն բացահայտված են, թե ոչ, և ում կողմից և ինչ կազմակերպաիրավական գործիքակազմ է կիրառվում դրանց վերացման ուղությամբ․

 

2) Ի՞նչ դասեր են քաղվել ու հետևություններ արվել անցած՝ համեմատաբար կարճ ժամանակաշրջաններում դրսևորված քննարկվող հանցագործությունների դեմ պայքարի ու դրա շրջանակում իրականացվող նույն հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ․

 

3) Ի՞նչ համալիր, խմբային և անհատական հնարավոր կազմակերպաիրավական կառուցակարգեր՝ համապատասխան միջոցներ, միջոցառումներ, մեթոդներ, գործիքներ են կիրառվել մինչև օրս, կամ կիրառվում ներկայումս, ինչպես նաև կիրառվելու են հետայսու նմանատիպ հանցավոր երևույթներից խուսափելու համար, դրանք արդյո՞ք կարելի է բավարար և անհրաժեշտ համարել․

 

4) Որո՞նք են այն պետական և ոչ պետական պատասխանատու կառույցները, որպիսիք անմիջական պատասխանատվություն են կրում նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի ու դրա շրջանակներում իրականացվող նույն հանցագործությունների կանխարգելման համար․

 

5) Ի՞նչ կանխատեսելի հեռանկար է սպասվում Հայաստանին նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի ու դրա շրջանակներում իրականացվող նույն հանցագործությունների կանխարգելման առումով և այլն։

 

Սրանք են այն հնարավոր մի քանի ոչ լրիվ ընդհանրական հարցադրումները, որպիսիք, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է դիտարկել ու պարզաբանել նաև ներքին անվտանգային առումով և խորը բովանդակային (կոնտենտ) թիրախային վերլուծության ենթարկել վերոնշյալ առկա իրողությունների լույսի ներքո, և հենց այս առումով էլ ակնկալվում է այդ գործընթացին հանրային ու մասնագիտական լայն շրջանակների մասնակցությունն ու դերակատարումը։

 

Չցանկանալով մանրամասն անդրադառնալ հիշյալ և մյուս հնարավոր հարցադրումներից յուրաքանչյուրին՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնելու մի շարք ընդհանրական մտորումներ-նկատառումներ նշված հարցադրումների որոշ տեսանկյունների վերաբերյալ։

 

Այսպես․

 

Հանրահայտ է, որ ինչպես հանցավորությունն ընդհանուր առմամբ՝ որպես հասարակական, սոցիալ-տնտեսական, իրավական երևույթ, այնպես էլ դրա մասը կազմող առանձին հանցատեսակները, այդ թվում՝ խնդրո առարկա հանդիսացող առանձնապես ծանր հանցագործությունները (սպանությունները, հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը և այլն), ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցներն ու մեթոդները ներառում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, ժողովրդագրական, իրավական, գիտակցական, միջազգային և այլ բնույթների մի շարք բաղադրիչներ։ Եվ հետևաբար, օբյեկտիվ իրականության մեջ կատարված յուրաքանչյուր հանցագործություն նույն բնույթի վնասներ ու հետևանքներ է առաջացնում հասարակական զարգացման ընթացքում, հատկապես, եթե խոսքը վերաբերում է արդեն իսկ վերը նշված բացահայտ հանդգնության, անպատասխանատվության, անպատժելիության, հասարակական արհամարանքի, դաժանության, անտարբերության, հակաբարոյական դրսևորումներով օժտված առանձնապես ծանր հանցագործություններին։ Ըստ էության, նման դրսևորումները ոչ միայն խաթարում են ներքին անվտանգային միջավայրը (անձի անվտանգային պաշտպանվածությունը, դրա երաշխավորվածությունը և այլն), այլ նաև՝ պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, ժողովրդագրական, գիտակցական, իրավական և մյուս հիմքերը, մասնավորապես՝ էական խոչընդոտ են հանդիսանում այլ պետությունների համապատասխան կառույցների ու մարմինների, ինչպես նաև քաղաքացիների կողմից հանցագործության իրականացման վայր հանդիսացող պետության նկատմամբ ձևավորվող ադեկվատ վերաբերմունքի և ներքին ու արտաքին հասարակական վստահության ձևավորման առումներով (օրինակ՝ նման հանցավոր դրսևորումները կարող են էականորեն վնասել տվյալ պետությունում հնարավոր սոցիալ-տնտեսական ներդրումների բնականոն իրականացմանը, տվյալ երկիր օտարերկրացիների այցելությունների աճին, զբոսաշրջության զարգացմանը, համապատասխան ծրագրերի ներդրմանն ու իրականացմանը և այլն), ասել կուզե, թե այդ հանցավոր երևույթներով պատճառված առկա ու հեռանկարային անուղղակի վնասներն ու հետևանքները պետության համար շատ ավելի ծանր են, քան թե դրանց կատարմամբ պայմանավորված ուղղակի վնասներն ու հետևանքները, որոնք, ի դեպ, նույնպես, պակաս կարևորություն չունեն, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության նման սակավաթիվ ազգաբնակչություն ու ժողովրդագրական պատկեր ունեցող պետության պայմաններում։

 

Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ հանցավորության դեմ պայքարը՝ որպես հավաքական հասկացություն ու գործընթաց, բաղկացած է մի շարք համակցված բաղադրիչներից, ու բացի հանցագործությունների հայտնաբերումից ու հանցագործությունը կատարողների բացահայտումից, ենթադրում է նաև մինչև հանցագործության վրա հասնելու պահն համարժեք ու անհրաժեշտ կազմակերպաիրավական գործընթացների իրականացում, որոնցից կարևորներից մեկը, կարծում եմ, հանցագործությունների կանխարգելումն է՝ իր ընդհանուր և հատուկ տարատեսակներով հանդերձ։ Խնդրի կարևորությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ հասարակական ներքին անվտանգային միջավայրի ձևավորման տեսանկյունից շատ ավելի կարևոր է արձագանքել ոչ թե արդեն իսկ կատարված հանցագործությանը, այլ գործը չհասցնել դրան, ասել կուզե, թե խորությամբ ու լայնամասշտաբ ձևաչափով իրականացնել հանցագործության կանխարգելումն ընդգրկող բոլոր հնարավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, իրավական և մյուս կանխարգելիչ կազմակերպաիրավական կառուցակարգերը՝ համապատասխան միջոցները, միջոցառումները, մեթոդները, գործիքները և այլն, որոնց մասին, ի դեպ, բազմիցս խոսվել է ու որոնք կարևորվել են նաև պատմական հեռավոր ժամանակաշրջաններում։ Այս կապակցությամբ, թերևս, տեղին կլինի հիշել իտալացի հանրահայտ իրավաբան-փիլիսոփա Չեզարե Բեկարիայի հայտնի միտքը․ «Ավելի լավ է կանխել հանցագործությունը, քան պատժել հանցագործներին։ Դա կազմում է ցանկացած լավ օրենսդրության մի մասը ․ ․ ․»։ Նշվածից աներկբա հետևում է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է սկսել դրանց վաղ, դեռևս չիրականացված վիճակից, այսինքն՝ հանցավորությունը կանխարգելող ընդհանուր և հատուկ բնույթի նախազգուշացնող տարատեսակ և անհրաժեշտ միջոցների, միջոցառումների, մեթոդների, գործիքների իրականացումից՝ հաշվի առնելով նախորդող ժամանակաշրջանի դառը պատմությունն ու փորձն՝ այդ ընթացքում ամենևին չնսմեացնելով պատժի ու դրա նպատակների՝ որպես հանցագործությունների կանխարգելման միջոցի դերն ու կարևորությունը, և այդ առումով վերը նշված խոսույթը նույնպես պետք է հասկանալ ոչ թե ընդհանրապես պատժից հրաժարվելու ուղղակի, այլ՝ պատժի ավելորդ խստությունից խուսափելու անուղղակի իմաստով։ Նշվածի կապակցությամբ, որպես ընդհանրական մոտեցում, ավելորդ չի համարվի հիշատակել նաև հռոմեացի հայտնի հռետոր Մարկոս Պուլիոս Ցիցերոնի (Կիկերոնի) միտքն այն մասին, որ պատմությունը կյանքի դաստիրակն է։ Եվ ուրեմն, կարծում եմ, որ հանցագործությունների կանխարգելումը և այն բնութագրող համալիր խմբային ու անհատական քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, իրավական և մյուս կանխարգելիչ համապատասխան միջոցների, միջոցառումների, մեթոդների, գործիքների և այլնի իրականցումը առաջնահերթություն է ինչպես ընդհանրապես հանցավորության, այնպես էլ դրա բաղադրիչ հանդիսացող ցանկացած տեսակի, այդ թվում՝ մեր կողմից քննարկվող առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարում։ Ընդ որում, կարծում եմ, որ խնդրի իրագործումը պետք է սկսվի ոլորտային (քրեական) պետական քաղաքականության մեջ առավել ցայտուն արտացոլմամբ, ինչն ամենևին էլ չի ենթադրում պատժի ավելորդ խստացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացում, քանզի ոչ բոլոր դեպքերում, հանգամանքներում և ժամանակաշրջաններում է, որ պատժի ավելորդ խստացումը լավագույն միջոց է հանդիսացել հանցավորության դեմ պայքարում։ Իմ խորին համոզմամբ հանցագործությունների կանխարգելման գործընթացը պետք է զուգահեռաբար իրականացնել նաև հասարակական-կենցաղային, այն է՝ ուսումնական, աշխատանքային, ընտանեկան, անձի շրջապատի, միջավայրի, հոգևոր-մշակութային դաստիրակության, գիտակցման, իրավագիտակցության ձևավորման ու զարգացման մակարդակներից, և նույն գործընթացը համահունչ շարունակել սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգևոր զարգացման մակարդակներում՝ դրանք անպայման ներառելով նաև ոլորտային (քրեական) պետական քաղաքականության, այդ թվում՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների, ռազմավարությունների ու դրանցից բխող միջոցառումների ծրագրերի մակարդակներում։ Ինքնին հասկանալի է, որ նշված խնդիրների իրականացմանը պետք է ներգրավվեն ու մասնակից լինեն հոգևոր և բարոյական բարձր արժեքներ կրող իրավասու սուբյեկտները՝ սկսած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներից ու վերջացրած մշակութային, եկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներով։ Այս համատեքստում անչափ կարևոր է նաև հիշյալ մարմինների ու կազմակերպությունների հակակոռուպցիոն դաստիրակությանն ու բարոյական արժեքների վերականգնմանն ուղղված պետության կողմից ներկայումս իրագործվող պետական քաղաքականության քայլերն ու ուղությունները։

 

Վերը նշվածի ընդհանրացման արդյունքում հասարակական իրավագիտակցական ընկալման շրջանակներում նույնպես բնականորեն ծագում են ընդհանրական բնույթի մի շարք հարցադրումներ, մասնավորապես․

 

1) Ներկայումս ի՞նչ մակարդակում է գտնվում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ոլորտային (քրեական) քաղաքականության իրականացումը, դրա շրջանակներում ի՞նչ օրենսդրական կարգավորումներ են առկա, դրանք լիարժեք ու համահու՞նչ են արդյոք հացագործությունների կանխարգելման վերոհիշյալ ընկալումներին և գաղափարախոսությանը, թե ոչ, վերջիններս արտացոլված են արդյոք համապատասխան ռազմավարություններում և դրանցից բխող միջոցառումների ծրագրերում․

 

2) Հանցագործությունների կանխարգելման գործընթացի իրականացման համար պատասխանատու կառույցները, հանձինս Ներքին գործերի նախարարության, դրա կազմում գործող ոստիկանության ու վերջինիս համապատասխան ոլորտային ստորաբաժանումների, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների պատշաճ և լիարժեք իրականացրել կամ իրականացնու՞մ են արդյոք իրենց առաքելություններն ու կազմակերպաիրավական դերակատարումները համապատասխան ուղղություններով։ Թերևս այս հարցադրման շրջանակներում է դիտարկման ենթակա այն հարցը, թե, օրինակ՝ արդյո՞ք հեղափոխությունից հետո ոստիկանության համակարգում ստեղծված քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն ու դրա տարածքային ստորաբաժանումները անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվությանը լիարժեք տիրապետում և այն բավարար չափով իրացնում, հայտնաբերում, հաշվառում, վերահսկում ու սահմանված կարգով համարժեք գործընթացներ իրականացնում են ոչ միայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների, այլ նաև թաղային միջին և ստորին մակարդակներում գործող հեղինակությունների մասով։ Նույն խնդիրն իրենց վերահապահված լիազորությունների սահմաններում վերաբերում է նաև համայնքային ոստիկանությանը, պարեկային ծառայությանը և ոստիակնության գվարդիային։ Մասնավորապես՝ ինչ-որ թաղամասում բնակվող բնակիչները ճանաչու՞մ են արդյոք տվյալ թաղամասը սպասարկող տեսուչին, վերջինս նրանց համար՝ որպես իշխանության ներկայացուցիչ համարժեք հեղինակություն ներկայացնում է, թե՞ ոչ, նրանց կողմից բնակիչների հետ ընդհանուր նախազգուշական ու կանխարգելիչ համապատասխան աշխատանքներ իրականացվում են, թե՞ ոչ, այդ կապակցությամբ անհրաժեշտ միջոցառումների ծրագրեր առկա են, թե՞ ոչ և այլն։ Դրա հետ մեկտեղ պարեկային ծառայությունը, բացի ճանապարհային երթևեկությունը կարգավորելու գործառույթից, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման ոլորտում իրեն վերապահված մյուս գործառույթները լիարժեք իրականացնում է, թե՞ ոչ։ Կամ դատախազությունը՝ որպես պետական քրեական քաղաքականության իրականացման առանցքային դերակատարներից մեկը, ի՞նչ դերակատարում ունի հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ։ Հիշյալ և մյուս մարմինները նշված ոլորտում լիարժեք համագործակցու՞մ են արդյո՞ք մյուս պետական (այդ թվում՝ իրավապահ) և ոչ պետական կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ, քրեակատարողական ծառայության և մյուս համակարգերի, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, աշխատանքային կոլեկտիվների և այլնի հետ․

 

3) Հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համապատասխան իրավասություններ ունեցող պետական կառույցների հաշվետվություններում ու վերլուծություններում ի՞նչ նշանակություն է տրվում նույն ուղղությամբ իրականացված աշխատանքների վիճակին (մակարդակներին) ու դինամիկային։ Ի՞նչ հետևություններ են արվում և միջոցներ ձեռնարկվում այս ուղղությամբ․

 

4) Ի՞նչ նշանակություն և ի՞նչ դերակատարում են ունենում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված համապատասխան աշխատանքների վիճակը (մակարդակը) և դինամիկան վերոնշյալ իրավասու մարմինների ու դրանց պատասխանատու աշխատակիցների աշխատանքները գնահատելիս, այդ աշխատակիցներին ծառայողական առաջխաղացման ներկայացնելիս և ատեստավորելիս, պարգևատրելիս, խրախուսելիս․

5) Ի՞նչ մակարդակում է գտնվում ներպետական և միջազգային փոխգործակցության և փոխհամագործակցության իրականացումը ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի, և մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ոլորտներում և այլն։

 

Թերևս նույն խնդրի շրջանակներում դիտարկման ենթակա են նաև հանցավորությունը և հատկապես ծանր հանցագործություններն անմիջականորեն ծնող պատճառների ու դրանց նպաստող երևույթային և մյուս պայմանների բացահայտմանն ու վերացմանը՝ որպես հանցագործությունների կանխարգելման կարևորագույն միջոցին ուղղված կազմակերպաիրավական կառուցակարգերի՝ համապատասխան միջոցների, միջոցառումների, մեթոդների, գործիքների կիրառումը, որի շրջանակներում ակամայից ծագող հարցադրումներից է, օրինակ, թե ի՞նչ վիճակում (մակարդակում) է գտնվում հանցագործությունների ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրերի ներկայացումը պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և այլ կառույցներին։ Վերջիններս կրում են ձևական (ֆորմալ), թե՞ բովանդակային բնույթ, դրանց քննարկմանը ներկայացնողները մասնակցում են, թե՞ ոչ, ի՞նչ արդյունքեր են տվել այդ քննարկումները, ի՞նչ հետևություններ են արվել դրանցից և այլն։

 

Ի վերջո, նշվածով հանդերձ, կարծում եմ, որ ընդհանրապես հանցավորության, և մասնավորապես՝ առանձնապես ծանր հանցավորությունների դեմ պայքարի հիմնական գործիքակազմերից է շարունակում մնալ արդեն իսկ կատարված հանցագործություններն անմիջականորեն հայտնաբերելու ու դրանք կատարող անձնաց բացահայտելու խնդիրը, որի լուծմանը պետք է ուղղված լինի պետական ինքնիշխանության ամբողջ ներուժը, և ինչն էլ հենց այն մասնագիտական բաղադրիչն է, որն առավել լայն մասնագիտական շրջանակների հետ քննարկման ու դրանց իրականացման ուղղությունների որոշման կարիքն ունի ․ ․ ․

Հետևեք մեզ նաև Տելեգրամում