Գլխավոր դատախազությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից պահանջում է 670 մլն դրամ․ հայցն ընդունվել է վարույթ

Գլխավոր դատախազությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից պահանջում է 670 մլն դրամ․ հայցն ընդունվել է վարույթ

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից՝ Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Սեյրան Օհանյանից և Յուրի Խաչատուրովից համապարտության կարգով բռնագանձել ՀՀ պետբյուջեից տուժածներին տրամադրված 670 միլիոն դրամը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին։ Հետադարձ պահանջի չափը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը, ինչպես նաև կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 990-Ն որոշումը»,- ասաց Վարդապետյանը։ 

Գլխավոր դատախազի խոսքով՝ հայցադիմումի հետ միասին ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն՝ խնդրելով արգելանք դնել պատասխանողներին պատկանող գույքի վրա՝ հայցագնի չափով, այսինքն՝ 670 մլն դրամի սահմաններում։

«Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է»,- եզրափակեց Վարդապետյանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում