Թորոսյանն ու Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն, գնահատել շենքային պայմանները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն այսօր այցելել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Ինչպես հայտնել են նախարարությունից, այցի նպատակն է եղել տեղում գնահատել կենտրոնի շենքային պայմանները և քննարկել հնարավոր համագործակցության նոր ուղղությունները։
Հաստատության ղեկավարության ուղեկցությամբ վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել բնակիչների համար ստեղծված պայմաններին և խնամքի տրամադրման գործընթացներին։
Այցի ընթացքում քննարկվել են հաստատության շենքային պայմանների շարունակական բարելավման, միջավայրի հարմարավետության բարձրացման և մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։
Դիտարկվել է նաև Քուվեյթի Պետության կողմից հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը կենտրոնի ենթակառուցվածքների արդիականացման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։
Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության դերը նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Նախարարի խոսքով՝ այս ներդրումը կարևոր և էական ազդեցություն է ունեցել կենտրոնի շահառուների կյանքի որակի բարձրացման վրա՝ ապահովելով առավել հարմարավետ և ներառական միջավայր։


Կարծիքներ