Կասկադ համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի. Կառավարությունը հավանություն է տվել նախագծին. մանրամասներ

Կասկադ համալիրի անավարտ հատվածը կվերակառուցվի. Կառավարությունը հավանություն է տվել նախագծին. մանրամասներ

Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը:

Այսպիսով, Կառավարությունը հավանություն է տվել Կասկադի հարակից տարածքում «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշել կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։

Տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 11 հա է։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է, որ ներդրողը պետությունից պետք է գնի այս տարածքի 4․8 հեկտարը՝ 10․5 մլրդ դրամով, որը շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեքն է, կառավարությունը համաձայնել է, որ կառուցապատողը գումարը տարաժամկետ վճարի:

Պայմանագրի գործողության ժամկետը  5 տարի է։ Մինչ պայմանագրի գնի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։ Տարածքի 1․8 հեկտարը պետք է կանաչապատվի։

«Ավարտված հատվածում կկառուցվի 36 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր, որը կներառի 1000 հոգանոց բանկետային դահլիճ, ինչպես նաև համերգասրահ և թանգարանային հատված։ Այս ամբողջ տարածքը կպատկանի Երևանի քաղաքապետարանին»,- նախագիծը ներկայացնելիս նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Նա պարզաբանել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին հնարավորություն կտա հարակից 125-130 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում բիզնես-համալիր կառուցել։ Ավինյանը հավելել է, որ շինարարությունը կիրականացվի զուգահեռաբար խիստ վերահսկողության ներքո և հույս հայտնել, որ Կասկադի շինարարությունը կավարտվի 4-5 տարվա ընթացքում:

Ավինյանը հավելել է, որ քաղաքաշինական այս նախագծի շրջանակում Կասկադում շինարարություն է մեկնարկել դեռ 2006-2007 թվականներին, սակայն հետո՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով, այն կասեցվել է: Այժմ կառուցապատողը շուրջ 20 մլրդ դրամի ներդրում է կատարելու, վճարելու հարկեր:

Արձագանքելով, ՀՀ վարչապետը նշել է, որ Կասկադն այնքան խարիզմատիկ տեղ է, որ շատերն անգամ չեն նկատում, որ այն անավարտ է:

«Գաղափարը հետևյալն է՝ Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում ունի հող և այն տրամադրվումէ  ներդրումային ծրագրի դիմաց: Ներդրումը ստանալու է հող, շինարարություն և հետևաբար շահույթ ստանալու, քաղաքապետարանը ստանալու է  թանգարան, սրահ և վերը նշվածները»,- ասել է նա:

Վարչապետը մանրամասնել է, որ կառուցապատվող հատվածը Կասկադին ուղիղ նայելիս՝ աջ կողմում է լինելու:

Ավինյանը հավելել է, որ 9 ամսվա ընթացքում եթե կենտրոնական հատվածի աշխատանքներն առաջ չընթացան, չափազանց խիստ պայմաններ կան, ընդհուպ՝ գրավադրված տարածքը քաղաքապետարանը կարող է հետ վերցնել, սահմանված են նաև տարածքներ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ Կառավարությունը փորձել է անել այնպես, որ վստահ լինի՝ աշխատանքները կհասցվեն ավարտին:

«Խոսում ենք ընդհանուր 30 մլրդ դրամ ներդրումների պոտենցիալ ունեցող ընկերությունների մասին և Հայաստանում նման ընկերությունները շատ չեն»,- նշել է Խաչատրյանը՝ նկատի ունենալով, թե ինչու է մեկ ընկերության վերապահվել աշխատանքների կատարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում