ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը

ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը

Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստը մեկնարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին բացասական եզրակացություն ստացած հարցի քննարկումից, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը, որի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է:

 

Նախագծի համաձայն՝ անազատության մեջ գտնվող հոգևորականները, որոշ քաղաքական-հասարակական գործիչներ ու զինվորականներ պետք է ճանաչվեն քաղբանտարկյալներ:

 

«Նրանց նկատմամբ կա խտրական և տարբերակված մոտեցում, հետևաբար վերջիններս ԵԽԽՎ-ի՝ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշների համապատասխան քաղբանտարկյալ են»,- ասաց հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ պահանջելով նաև նրանց ազատ արձակում:

 

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վերահաստատեց, որ ԵԽԽՎ-ի՝ 2012 թվականի 1900 բանաձևի չափանիշներին համապատասխանող անձինք պետք է համարվեն քաղբանտարկյալներ:

 

«Որպեսզի այդ բանաձևը կիրառելի լինի որևիցե փաստի նկատմամբ, ապա որևիցե միջազգային կառույց, ենթադրում եմ, որ նախ և առաջ ԵԽԽՎ-ն, գոնե համարժեք պատասխան պիտի տար: Որևիցե պատասխան որևիցե դիտարկում, որևիցե մեկնաբանություն, որևիցե հարցադրում Հայաստանում որևէ անձի քաղաքական դրդապատճառներով հետապնդման վերաբերյալ չի արվել»,- ասաց նա:

 

Հարակից զեկուցողը նաև կարծիք հայտնեց, թե այս նախագծով ԱԺ-ում գեներացվում են արհեստական քննարկումներ, և որ ընդդիմությունն ուզում է հավասարության նշան դնել Հայաստանի և ավտորիտար երկրների միջև:

 

«Նման հայտարարություն ընդունելուց հետո պետք է առնվազն պաշտոնանկ արվի գլխավոր դատախազը, պաշտոնանկ արվեն դատավորներ, գործընթացներ սկսվեն իրավական ամբողջ պետաիրավական համակարգում»,- ասաց Վարդանյանը:

 

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

 

Արդյունքում ԱԺ հանձնաժողովի նիստին բացասական եզրակացություն ստացած հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 21 պատգամավոր, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 1: Նախագիծը չընդունվեց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում