65 հողատարածքի ապօրինի օտարում, փողերի լվացում. Ծառուկյանի՝ Աբովյանի նախկին համայնքապետ փեսայի մեղադրանքը
            «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման համար:
Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2015 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում՝ հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքներն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, որի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հողատարածքները օտարելու ընթացքում Կ. Գ.-ն մի շարք դեպքերում չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ինչպես նաև Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի հետ համատեղ կատարել պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ ստորագրել և հաստատել է հողատարածքները աճուրդ վաճառքով օտարելու վերաբերյալ կազմված բազմաթիվ կեղծ արձանագրություններ: Բացի այդ՝ իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ Կ. Գ.-ն օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը (հողատարածքներ)՝ ձևական գործարքների կնքմամբ դրանց նկատմամբ փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք։
Վերը նշված հանցանքների կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (64 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (49 դրվագ) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ): Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել համայնքին պատճառված 261 մլն ՀՀ դրամի վնասը։
Կ.Գ.-ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել 40 մլն ՀՀ դրամի գրավն ու բացակայելու արգելքը։
Կ. Գ.-ի ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ