Ֆրանսիան անվերապահ հանձնառություն ունի՝ աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ից անդրադարձել են տեղի ունեցած հանդիպմանը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիան անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:
«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:
Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին. խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ այս հատկապես խոցելի բնակեցված խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար:
Նախարարներն ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների արդյունքները: Ստեֆան Սեժուրնեն վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։
Արդար և հարատև խաղաղություն կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիության հարգանքի դեպքում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ