Պատահական չէ, որ ընդդիմադիրների իշխանափոխության խոստումներին հետևում են զինված հեղաշրջման մասին բացահայտումները. Չախոյան
«Հայաստանում զինված հեղաշրջման մասին բացահայտումները պետք է դիտարկել ոմանց կողմից սեպտեմբերին ու աշնանը իրենց նպատակին հասնելու հայտարարությունների կոնտեքստում»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նկատելով՝ պատահական չէ, որ Հայաստանում ընդդիմադիրների իշխանափոխության խոստումներին հետևում են զինված հեղաշրջման պատրաստվող խմբերի բացահայտումները։
«Նախ ապահովում են քաղաքական տանիքը, որին պետք է հետևեն զինված հեղաշրջման փորձերը։
Ուշագրավ է նաև այն աշխարհագրական կենտրոնը, որտեղ պատրաստվում ու որտեղից ղեկավարվում են զինված հեղաշրջում նախապատրաստող խմբավորումները։ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելուն միտված աշխարհքաղաքական հովանավորչությունն ավելի քան ակնհայտ փաստ է»,- գրել է Չախոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կարծիքներ