Ինչու է բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը լարում դրությունը սահմանին

Ինչու է բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը լարում դրությունը սահմանին

«Կարծում եմ՝ վաշինգտոնյան բանակցությունների հիմնական նշանակությունը խնդիրը բանակցային հարթության և դիվանագիտական քննարկումների շրջանակներում պահելն է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ընթացքող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Իզուր չէ ասված՝ երբ դիվանագիտությունը թերանում է, սկսում են կրակել թնդանոթները, և այդ կրակը թույլ չտալու համար շատ կարևոր է բանակցային գործընթացի և կողմերի միջև դիվանագիտական շփումների պահպանումը: Ճեղքում կամ էական առաջխաղացում չի գրանցվել բանակցությունների ընթացքում, բայց կողմերի պատրաստակամությունը հանդիպելու այս պայմաններում արդեն իսկ կարող է համարվել դրական զարգացում»,- ընդգծում է իրավագետը:

Դիտարկմանը՝ զուգահեռ իրականությունում այդ թնդանոթները ամեն դեպքում չեն լռում՝ սահմանային լարվածությունն ու սադրանքները շարունակվում են, Խալաթյանն արձագանքում է. «Ակնհայտ է, որ բանակցային այն նյութը, որ կա վաշինգտոնյան հարթակում, ավելի հայանպաստ է, քան այն բանակցային նյութը, որը քննարկվում է մոսկովյան հարթակում, և Ադրբեջանն այս կերպ իր դժգոհությունն է ցույց տալիս: Կարևոր է նշել, որ առկա է նաև Ռուսաստանի այս կամ այն աջակցությունը ադրբեջանական սադրանքներին: Փորձ է արվում իջեցնել վաշինգտոնյան հարթակում տարվող բանակցությունների նշանակությունը և թույլ չտալ էական դիվանագիտական ճեղքում այդ ֆրոնտում: Սա է այն «բեգրաունդը», որ գոյություն ունի ադրբեջանական սադրանքների մասով:

Խալաթյանը նկատում է՝ վաշինգտոնյան և մոսկովյան հարթակների հիմնական և կոնցեպտուալ տարբերությունն այն է, որ ՌԴ-ի համար խաղաղության պայմանագիրն առնվազն կարևորություն չունի, եթե չասենք՝ անցանկալի է. «Ռուսաստանի համար կարևոր է որոշակի թեժություն պահպանել կոնֆլիկտում, որպեսզի որպես մոդերատոր իր անհրաժեշտությունը պարտադրի կողմերին և տվյալ պարագայում հատկապես Հայաստանին, որպեսզի վերջինիս դիվանագիտական մանևրի դաշտը փոքրանա, և օգտվելով այս ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակից՝ առաջ մղի իր համար շահավետ օրակարգերը: Հաջորդը, որ կարևոր է ՌԴ-ի համար, երկու կողմին էլ կարողանալ պարտադրել հնգամյա ժամկետից հետո առնվազն ևս 5 տարով երկարաձգել ռուս խաղաղապահների Արցախում մնալը»,- նկատու է նա:

Ինչ վերաբերում է ամերիկյան հարթակին, ըստ զրուցակցի, ապա նրանց համար կարևոր է հարցի փաթեթային լուծումը. «Իհարկե, նաև սեփական էգոիստական դրսևորումը կա՝ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, բայց և կա օբյեկտիվ նպատակ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու, որը ևս ԱՄՆ-ի և հավաքական արևմուտքի շահերից է բխում»:

Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ՝ այն, որ Հայաստանի համար մանևրի դաշտը փոքր-ինչ մեծացել է, ակնհայտ է ՀՀ քայլերից, բայց կոնկրետ խաղաղության պայմանագրի կնքում իրավագետը մոտ ապագայում չի կանխատեսում. «Հայաստանը պետք է աշխատի նոր ռազմավարական դաշնակից գտնելու ուղղությամբ, հիմնական ուղղությունները Ֆրանսիան և Հունաստանը կարող են լինել, քանի որ կա նաև ՆԱՏՕ-ի ցանկությունը տարածաշրջան մտնելու: Ֆրանսիան կարող է դառնալ մեր դաշնակիցը, և, իհարկե, այս ամենի հետևում կլինի նաև ԱՄՆ-ն»:

Իրավագետի խոսքով՝ եթե որևէ շոշափելի աշխատանք չտանենք, ապա ՌԴ-ի թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում մենք կլինենք պարտված:

«Որովհետև հաղթանակի պարագայում ուժեղացած Ռուսաստանը գնալու է տարածաշրջանի կլանման ճանապարհով, իսկ հարավային Կովկասում, ցավոք, ամենաթույլ օղակը Հայաստանն է, և առաջին թիրախը լինելու ենք մենք: Պարտության պարագայում էլ, եթե մենք չկարողանանք անվտանգության բարձիկներ ձևավորել, ապա առնվազն կմնանք նույն իրավիճակում. դեմ հանդիման Ադրբեջանի հետ չլուծված հարաբերություններով և կնճռոտ հարաբերություններով Թուրքիայի հետ, որը չի բացառում Հայաստանի համար նոր և կործանարար պատերազմ»,- կարծում է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում