Սա ոչ թե հավատքի, այլ վախի, ճնշման ու քաղաքական հաշվարկի դրսևորում է. Մանավազյանը՝ Տեր Արամի դեմ արշավի մասին

Սա ոչ թե հավատքի, այլ վախի, ճնշման ու քաղաքական հաշվարկի դրսևորում է. Մանավազյանը՝ Տեր Արամի դեմ արշավի մասին

Ըստ Մանավազյանի՝ Տեր Արամի նկատմամբ տեղի ունեցողը ընդդիմության կողմից ատելության խոսքի նոր դրսևորումներ են:

«Նախորդիվ առիթ ունեցել եմ խոսելու ընդդիմության կողմից կազմակերպված ատելության խոսքի և այլակարծություն չհանդուրժելու երևույթի մասին՝ բերելով հստակ օրինակներ։ Սակայն քանի որ դա դարձել է անընդհատ շարունակվող գործընթաց, անհրաժեշտ է պարբերաբար նոր օրինակներով հիշեցնել՝ ինչի առաջ ենք կանգնած։

Այս անգամ ընդդիմության ատելության խոսքի թիրախում է Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Իրենց հոգևոր և քրիստոնյա համարող ընդդիմադիրները, եկեղեցու պաշտպանության քողի տակ, իրականում հանդես են գալիս ոչ թե հավատքով, այլ Կտրիճ Ներսիսյանին պաշտպանելու մոլուցքով։ Նրանք ամենավերջին բառերով վիրավորում և անգամ հայհոյում են Տեր Արամին՝ մոռանալով, որ քրիստոնյայի գլխավոր պատվիրանը սիրո մասին է։

Այս վարքագծով նրանք ուղերձ են հղում բոլոր մնացած հոգևորականներին՝ «եթե համարձակվեք այլ կարծիք հայտնել, նույնը ձեզ հետ էլ կանենք»։ Սա արդեն ոչ թե հավատքի, այլ վախի, ճնշման ու քաղաքական հաշվարկի դրսևորում է։

Իսկ արդյոք մարդուն վիրավորելով և ատելություն տարածելով կարելի՞ է Քրիստոսի հետևորդ կոչվել։ Իհարկե ոչ։ Եվ հենց այստեղ է ամբողջ բանալին․ գործ ունենք ոչ թե հավատավոր հոտի, այլ Կտրիճի քաղաքական հովանավորների և բարեկամների շղթայի հետ, որոնք առանց այդ էլ ամեն օր փորձում են գեներացնել ատելություն այս անգամ նաև եկեղեցու ներսում։

Պատկերացրեք, եթե Տեր Արամը ի սկզբանե չխոսեր, ավելին՝ հայտներ, թե իբր իշխանություններին դեմ է, այսօր նրան «հերոսացրած» կլինեին՝ գովերգելով որպես «հավատքի մարտիկ», բայց քանի որ նա ընտրեց ճշմարտությունը, դարձավ թիրախ։

Սա ևս մեկ ապացույց է, որ գործ ունենք կիսատ-պռատ, երկակի ստանդարտներով առաջնորդվող ընդդիմության հետ, որն ամեն մի նոր թեմա վերածում է ատելության խոսքի հարթակի:

Անհասկանալի է այն մարդկանց պահվածքը, որոնք, լիովին գիտակցելով, թե ինչպես է Կտրիճը զավթել եկեղեցու իշխանությունը և շեղել այն իր առաքելությունից, շարունակում են պաշտպանել նրան հավատացյալների հոգևոր իրավունքներն ու արժեքները պաշտպանելու փոխարեն»,- գրել է Մանավազյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը: 

Ավելի վաղ կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։ 

«Սուրբ պատարագը կմատուցեմ ես՝ Ձեր Տեր Արամ քահանան»,- մասնավորապես ասել էր նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել. 

«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»: Դրան մասնակցելու է նաև Մանավազյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում