Մի քանի կարևոր պարզաբանում վերջին օրերին շրջանառվող «արգելված ֆիլմի» թեմայի շուրջ. Հովհաննես Մովսիսյան
Առաջին Ալիքի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրել է.
Մի քանի կարևոր պարզաբանում վերջին օրերին շրջանառվող «արգելված ֆիլմի» թեմայի շուրջ։
Նախ՝ որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։
Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և նույնիսկ ֆիքսվել է եթերի օր։ Սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։
Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։
Տհաճ է, երբ այս պարզ իրավական հարցը ներկայացվում է որպես «արգելված ֆիլմի» պատմություն և զուգահեռաբար հնչում են անհարկի վիրավորանքներ:
Միաժամանակ նշեմ՝ քննարկում ենք ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը։
Հ.Գ. Հարգելով հեղինակին՝ ապշած եմ, որ նա հանրային գրառմամբ անվանական վիրավորում է այն մարդկանց, ովքեր ժամանակին հաստատել են այս ֆիլմի ֆինանսավորումը, կամ էլ ընդհանրապես կապ չունեն այս թեմայի հետ: Ի դեպ այդ շարքում նաև վիրավորում է Արամազդ Ղալամքարյանին, ով միակն էր, որ ժամանակին պատշաճ կարգով դիմել էր ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար և ստանալով հաստատում՝ կազմակերպել էր այն:


Կարծիքներ