Բաքվում արմատացած անպատժելիության զգացումն է՛լ ավելի ակնառու է դարձել․ Բալայան

Բաքվում արմատացած անպատժելիության զգացումն է՛լ ավելի ակնառու է դարձել․ Բալայան

Հունվարի 12-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը, որին ներկա են եղել ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպումը կազմակերպվել է ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն էր 2023թ․ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության։



Քննարկման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ ի հաջորդումն ԵՄ խորհրդի որոշումների։ Նա անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։

Հանդիպման մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի բարեփոխումների ու խաղաղության օրակարգին և խոստացել են շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը։ Իր ներածական խոսքի և հարց ու պատասխանի ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։

ՀՀ դեսպանը մանրամասնել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն է՛լ ավելի ակնառու է դարձել երկու օր առաջ՝ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում