Ճապոնիան նախարարներ կամ պետական ​​պաշտոնյաներ չի ուղարկի Պեկինի խաղերին

Ճապոնիան նախարարներ կամ պետական ​​պաշտոնյաներ չի ուղարկի Պեկինի խաղերին

Ճապոնիան որոշել է հաջորդ տարի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին չուղարկել նախարարներին և պետական ​​պաշտոնյաներին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Մենք Պեկին կառավարական պատվիրակություն ուղարկելու պլաններ չունենք»,- ասել է նա։ Մացունոն հույս է հայտնել նաև, որ հաջորդ տարի խաղերը հաջողությամբ կանցկացվեն Չինաստանում։

Նրա խոսքով՝ Ճապոնիան կներկայացնեն սպորտի պաշտոնյաներ, այդ թվում՝ Տոկիոյի այս տարվա խաղերի կազմկոմիտեի նախագահ, խորհրդարանի վերին պալատի անդամ Սեյկո Հաշիմոտոն։

Չինաստանի մայրաքաղաք կմեկնեն նաև մասնագիտացված կոմիտեների ղեկավարներ Յասուհիրո Յամաշիտան և Կազույուկի Մորին։

«Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Հաշիմոտոն և Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Յամաշիտան ներկա կլինեն Պեկինի օլիմպիական խաղերին, բացի այդ, Պեկին կգնա Պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Մորին»,- ասել է կառավարության գլխավոր քարտուղարը։

Միաժամանակ, ինչպես ընդգծել է Մացունոն, Ճապոնիան չի դիտարկում Պեկին կառավարական պատվիրակություն չուղարկելու իր որոշումը որպես դիվանագիտական ​​բոյկոտի օրինակ։

Հաջորդ տարի լրանում է Ճապոնիայի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 50-ամյակը։ Այս կապակցությամբ Տոկիոն չի ցանկանում ամբողջությամբ հրաժարվել խաղերին պատվիրակություն ուղարկելուց՝ չինական կողմի բացասական արձագանքը չառաջացնելու համար։ Սպասվում է, որ ճապոնական սպորտի որոշ ոչ կառավարական պաշտոնյաներ կմեկնեն Պեկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում