Այժմյան Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունված, ոչ թե Թուրքիան և Ադրբեջանն են պահանջում փոխել այն. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող, Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նպատակով ձևավորված մասնագիտական խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ առնվազն 2019 թվականից հասարակությունը պահանջում է սահմանադրական բարեփոխումներ:
«Ինչ վերաբերում է այս քայլին գնալու վարչապետի մոտիվացիային, ապա ես այստեղ երկու բան եմ տեսնում: Առաջինն այն է, որ, ի վերջո, այս երկրի ժողովուրդը պետք է գնա ընտրատեղամասեր, և մենք ունենանք ամբողջությամբ ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որովհետև այժմյան Սահմանադրությունը կեղծված հանրաքվեով է ընդունված, անկախ նրանից՝ լավն է, թե վատը: Եվ երկրորդը, իհարկե, այն է, որ Սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, և այն իր հերթին Արցախի վերաբերյալ դրույթներ է պարունակում, և ադրբեջանական դիվանագիտությունը սա երբեմն օգտագործում է մեր դեմ՝ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանը ռևանշիստական մտադրություններով պետություն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա:
Ըստ Իոաննիսյանի՝ սրանով Ալիևը զրկվելում է այդ հնարավորությունից. «Ադրբեջանը ցույց է տալիս, որ Հայաստանը ռևանշիստական մտադրություններ ունի և դրանով փորձում է լեգիտիմ հող ստեղծել Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի: Ենթադրում եմ, որ վարչապետը փորձում է թուլացնել ադրբեջանական այդ թեզը և դելեգիտիմացնել Ադրբեջանի հնարավոր նոր ռազմական ագրեսիաները ՀՀ տարածքի նկատմամբ»:
Զրուցակցի խոսքով՝ այն, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանը չի հարձակվել Հայաստանի վրա, օրինակ՝ Սյունիքի ուղղությամբ, ոչ թե նրա արդյունքն է, որ շատ խաղաղասեր երկիր է կամ չի ուզում Սյունիքը, այլ զուտ նման հարձակումը լեգիտիմ չի ընկալվի. «Ադրբեջանն աշխատում է լեգիտիմացնել և աշխարհին ապացուցել, որ Հայաստանն ագրեսոր է, և ինքը կանխարգելիչ հարված է հասցնում, և, բնականաբար, ՀՀ իշխանություններն այստեղ պետք է ջանք ու եռանդ գործադրեն՝ Ադրբեջանի այդ գիծը թուլացնելու համար»:
Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների այն պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրություն փոխելը Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրանքով է՝ Իոաննիսյանը նշում է՝ իր ունեցած տեղեկություններով՝ բանակցային գործընթացում այժմ նման պահանջ Ադրբեջանի, կամ Թուրքիայի կողմից չկա:
«Եկեք արձանագրենք, որ Ալիևը Արցախը վերցրել է՝ անկախ նրանից, թե ինչ է գրված մեր Սահմանադրության նախաբանում. Ալիևը Արցախը վերցրել է, որովհետև այս երկրում տասնամյակներ շարունակ ընտրություններ էին կեղծում, ժողովրդավարություն չկար, պետական արդյունավետ կառավարում չկար, կոռուպցիան խլում էր այս պետության բոլոր ռեսուրսները, և դրա հետևանքով մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմական ճանապարհով, նաև դիվանագիտորեն շատ լավ լեգիտիմացնում էր իր արածը»,- նկատում է նա:
Ըստ զրուցակցի՝ պետություն փորձառու դիվանագետ նշանակելու փոխարեն խնամի, ծանոթ, բարեկամներին ուղարկում էին տարբեր երկրներ հանգստի. «Երբ որ բանակում գնդի հրամանատարի համար առաջնահերթ էին իր խոզերը պահելը, քան իր գնդի մարտունակությունը բարձրացնելը, այդ ընթացքում Ադրբեջանը զարգանում էր: Այո, նրանք էլ ունեին կոռուպցիա և այժմ էլ ունեն, բայց նաև ունեն նավթ»:
Իոաննիսյանի կարծիքով՝ մենք մեզ թույլ ենք տվել մի բան, որը չէինք կարող, և որի պատճառով Ադրբեջանը թե՛ դիվանագիտական կորպուսի արդյունավետությամբ, թե՛ բանակի մարտունակությամբ այնքան է մեզ գերազանցել, որ մեր ձեռքից ԼՂ-ն վերցրել է:
«Սա է իրականությունը, և այս առումով շատ կարևոր է ոչ թե Սահմանադրության նախաբանը, և թե դրանում ինչի վրա է հղում կատարվում, այլ շատ ավելի կարևոր է, որ մեր Սահմանադրությունը երաշխավորի, որ մենք այլևս միշտ լինենք արդյունավետ պետություն, որտեղ երբեք կոռուպցիան չի զավթի իշխանությունը. սրանք շատ ավելի կարևոր բաներ են, քան նախաբանում գրված կենացները»,- նշել է նա:
Կարծիքներ