Հայ առաքելական եկեղեցին ինձ, իմ ընտանիքի համար սրբություն է, չենք կարող արշավել նրա դեմ․ վարչապետ

Հայ առաքելական եկեղեցին ինձ, իմ ընտանիքի համար սրբություն է, հետևաբար չենք կարող արշավել եկեղեցու դեմ:
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ: Այն, ինչ մենք անում ենք, հանուն Եկեղեցու է։ Եթե Եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք ուղղակի կարող էինք բացարձակապես անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցում, առավել ևս այն պայմաններում, երբ Եկեղեցու գործելակերպն ուղիղ վնաս է հասցնում հենց Եկեղեցուն:
Նկատի ունեմ՝ եթե Հայ առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն չլիներ, կարող էի ուղղակի որևէ ուշադրություն չդարձնել դրան, և ընդհակառակը՝ Եկեղեցու նկատմամբ իմ՝ որպես հավատավոր հետևորդի վերաբերմունքն է, որ ինձ ստիպում է Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման այս անհրաժեշտության և անխուսափելիության մասին բարձրաձայնել:
Իսկ այդ օրակարգը, ես համոզված եմ, ՀՀ-ում կիսում են բազմաթիվ մարդիկ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը, որովհետև եթե որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել Եկեղեցու անկմանը»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ