Երբ եկեղեցին փակում է լույսի դուռը. «Արև երեխաներ» կենտրոնի պատմությունը. Zarkerak

Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու հովվի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծված «Արև երեխաներ» կենտրոնը երկար ժամանակ եղել է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար հույսի, սիրո և ներառականության վայր։ Կենտրոնը, որն իր գործունեությունը ծավալում էր Երևանում՝ Հայաստան 0009, 19ա շենքի հասցեում, տարիներ շարունակ իրականացրել է բացառիկ սոցիալական և հոգատար առաքելություն՝ աջակցելով տասնյակ ընտանիքների, որոնք դաստիարակում են հատուկ կարիքներով երեխաների։Այս մասին հայտնում է Zarkerak.am-ը:
Կենտրոնի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որն այն ժամանակին տրամադրել էր անժամկետ օգտագործման իրավունքով՝ շնորհիվ Տեր Գրիգորի և մի շարք անհատ բարերարների ջանքերի։ Այդ բարերարների միջոցներով շենքը հիմնանորոգվել և վերածվել էր ժամանակակից, ապահով և ջերմ միջավայրի՝ հատուկ կրթական ու բժշկական ծառայություններով համալրված։
Սակայն վերջին օրերին տեղեկություն է տարածվել, որ կաթողիկոսը որոշում է ընդունել տարածքը վերցնել կենտրոնից և այն տրամադրել Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակին, որը ղեկավարում է Տեր Համբարձումը՝ հանրային դաշտում առավել հայտնի իր ակտիվ հակապետական և ապատեղեկատվական գործունեությամբ։ Նոր որոշմամբ տարածքում պետք է անցկացվեն շաբաթական հանդիպումներ, փաստացի վերածելով այն մեդիա և կազմակերպչական շտաբի։
Այս որոշման արդյունքում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները զրկվել են իրենց զարգացման և խնամքի կենտրոնից, իսկ ծնողները՝ տարիների ընթացքում ստեղծված վստահ միջավայրից։ Կենտրոնի աշխատանքներին, հիշեցնենք, մշտապես օժանդակել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև մի շարք հասարակական և բարեգործական կազմակերպություններ։
Մայր Աթոռի այս քայլը հակասում է ոչ միայն եկեղեցու սոցիալական առաքելությանը, այլև՝ սեփական քարոզած արժեքներին։ Եկեղեցին, որը պետք է կանգնի թույլերի, հիվանդների և մերժվածների կողքին, փաստացի զրկում է ամենաանպաշտպան երեխաներին իրենց միակ վերամիավորման ու զարգացման վայրից։
Ավելին՝ տարածքի փոխանցումն այնպիսի կառույցի, որը զբաղվում է քաղաքական քարոզչությամբ և հակապետական քարեր շպրտելով հանրային դաշտում, վերածում է եկեղեցական գույքը մեդիա-տեռորի գործիքի։
Այս որոշումը ոչ միայն հարված է կոնկրետ ծրագրին, այլև խորքային ախտանիշ՝ ցույց տվող, թե ինչպես է եկեղեցին աստիճանաբար հեռանում իր ավետարանական կոչումից։ Փոխանակ համախմբելու հավատացյալներին և խնամքի կարիք ունեցողներին՝ այն վերածվում է պառակտման ու մանիպուլյացիայի հարթակի։
«Արև երեխաներ» կենտրոնի պատմությունը դարձել է հասարակական խղճի քննություն։ Դա այլևս միայն մի կառույցի խնդիր չէ, այլ արժեքային հարց՝ ինչպիսի՞ եկեղեցի է ուզում տեսնել մեր ժողովուրդը՝ սոցիալական արդարության կրո՞ղ, թե քաղաքական շահերի սպասարկու։
Քաղաքացիական հասարակության և պետության արձագանքը պետք է լինի հստակ՝
բարեգործական, հոգատար և հանրային շահին ծառայող նախաձեռնությունները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ինստիտուցիոնալ կամ անձնական կամայականությունից։
Կարծիքներ