Լոռու պարեկները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված ավելի քան 10 ավտոմեքենա

Լոռու պարեկները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված ավելի քան 10 ավտոմեքենա

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ՝ վերջին օրերին հայտնաբերելով տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «ԶիԼ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորոնարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր պարկերով։ Հոկտեմբերի 6-ին հայտնաբերել են նաև «Ֆորդ» մակնիշի երեք բեռնատար։ Մեքենաները բարձված էին տարբեր տեսակի փայտանյութով՝ ընդհանուր մոտ 8,5 խորանարդ մետր, իսկ հոկտեմբերի 7-ին հայտաբերել են նաև «ՄԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր հաճարենիով և բոխիով։

Լոռու պարեկները հոկտեմբերի 6-ին և 7-ին մարզի տարբեր հատվածներում հայտնաբերել են նաև «ԳԱԶ» մակնիշի բեռնատարներ, որոնք ևս բարձված էին տարբեր տեսակի ու ծավալի փայտանյութով:

Լոռու պարեկները հայտնաբերել են նաև այլ մակնիշների տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ թեթև մարդատար մեքենաներ, որոնց բեռնախուցն ու սրահները բարձված էին փայտանյութով։ Մասնավորապես, «Մերսեդես», «Օպել», «Վոլգա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր 8 խորանարդ մետր փայտանյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում