Չես հասկանում՝ «ֆեյք նյուզ»-երով լեցուն ընդդիմադիր օրաթերթ է, թե Մայր Աթոռի պաշտոնական կայքը․ Ալեքսանյան

Չես հասկանում՝ «ֆեյք նյուզ»-երով լեցուն ընդդիմադիր օրաթերթ է, թե Մայր Աթոռի պաշտոնական կայքը․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մայր Աթոռի տարածած երեկվա հայտարարությանը։

Վերջինս նկատեց․ «Ես, անկեղծ ասած, իմ գիտակցական կյանքի ընթացքում մշտապես տեսա, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսեց, բայց իր եկեղեցական հարցերից չխոսեց։ Օրինակ, հետաքրքիր է՝ կլինի՞ մի օր խոսի կուսակրոնությունից, թե չէ մեկ քաղաքական, մեկ ռազմական հարցերից է խոսում, մեկ ձեր նշած հայտարարության պես «ֆեյք նյուզ» է տարածում, մարդ չի իմանում դա ինչ-որ «ֆեյք նյուզ»-ներով լեցուն ընդդիմադիր օրաթերթ է, թե Մայր Աթոռ պաշտոնական կայքը»։

Այնուհետև Ալեքսանյանը պարզաբանեց․ «Ի՞նչ է նշանակում «ֆեյք նյուզ», այն է, թե Հայաստանը Տավուշի մարզից տարածքներ է հանձնանում։ Էդ ՄԱյր Աթոռին մեկը լինի հարցնի՝ հարգելի Մայր Աթոռ, Տավուշի մարզի այդ տարածքները՝ Կիզիլ Հաջիլինի, Խերիմլին, եթե Տավուշին են պատկանում, իրենցից ենթադրում են վարչատարածքային միավորներ, դա ո՞րտեղ է գրված, այդ գյուղը գյուղապետ ունե՞ցել է։ Կարծում եմ, որ լավ կլինի Մայր Աթոռը եկեղեցական հարցերից խոսա»։

Պատգամավորի խոսքով՝  երբ երկիրը վտանգի մեջ է, Մայր Աթոռը պետք է խոսի, սակայն երբ կեղծ լուրեր են տարածվում, դա ամենևին էլ չի օգնում երկրի վտանգների չեզոքացմանը։ Մայր Աթոռը, ըստ նրա, փորձում է հասնել նրան, որ հայ ազգի մոտ կատարյալ վերաբերմունք փոխվի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչը հավատացյալները չպետք է թույլ տան և պետք է ճիշտ ուղղու վրա դնեն Մայր Աթոռին։

Ալեքսանյանը ընդգծեց՝ իշխանության ու եկեղեցու հարաբերությունները շատ լավ են, ուրիշ հարց է, թե ինչպիսին են հարաբերությունները եկեղեցու որոշ սպասավորների միջև։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, թե «վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում