Գարեգին Բ-ն իր «պոլիտբյուրոն» հավաքել է և նեղսրտած հայտարարություն է տարածել. Ալխաս Ղազարյան

Գարեգին Բ-ն իր «պոլիտբյուրոն» հավաքել է և նեղսրտած հայտարարություն է տարածել, թե այս ամենն ունի քաղաքական նպատակներ։
Չանդրադառնալով մնացած անհեթեթություններին ՝ իբր «արտաքին ուժերի կողմից սպասարկվող օրակարգերի» մասին (սա այն դեպքն է, երբ գողը բոլորից բարձր է գոռում՝ իբր մյուսներն են գող), հարկ եմ համարում նշել հետևյալը.
ա. Գարեգին Բ-ն մոռացել է, որ հենց ինքը Եկեղեցուն ներքաշեց քաղաքական գործընթացների մեջ՝ իր «սրբազաններից» մեկին գործուղելով քաղաքական դաշտ, որի ձախողումն ևս մեկ անգամ վկայեց, թե իրականում ինչ հանրային ազդեցություն և հեղինակություն ունեն: Երբ նա խախտեց եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը՝ մտնելով քաղաքական դաշտ, այդ պահից ի վեր չպետք է զարմանա, որ իրեն պատասխանելու են ոչ թե հոգևոր, այլ քաղաքական լեզվով։
բ. Գարեգինի որոշ «սրբազանները», որոնց ետևում թաքնված քաղաքական ջրեր է պղտորում, իրենց «սրբազան շարժման» ստեղծումից ի վեր ատելության խոսք ու բռնության կոչեր են հնչեցնում հենց այն նույն հավատացյալների հասցեին, որոնց մասին այսօր հանկարծ հիշել են «հոգևոր» բարձրաստիճան այրերը։
Ու հարց է առաջանում՝ ումի՞ց են նեղանում հոգևոր իշխանությունը ձախողած, Աստծու գահը ուրացած, բայց աշխարհիկ գահի տենչ ունեցող այս այրերը։
գ. Խոսել են իրենց հանրային ազդեցության մասին։ Բայց ե՞րբ է Գարեգին Բ-ն վերջին անգամ հանդիպել այդ հանրությանը, այցելել հեռավոր գյուղեր ու մարզեր, որպեսզի իմանա՝ իր հանրային ազդեցությունն ու հեղինակությունը ինչ մակարդակի վրա են։ Ի դեպ, եթե իսկապես ուզում է իմանալ, առաջարկում եմ վարչապետից հետո այցելել նույն վայրերն ու հարցուփորձ անել՝ ով է իրականում ազդեցիկ ու լեգիտիմ։ Չեմ կարծում, որ այս խորհուրդը տեղ կհասնի, քանի որ Գարեգին Բ-ն վաղուց վերածվել է սովետական տիպի չինովնիկի, ով աշխարհը տեսնում է միայն իր շքեղ առանձնասենյակի պատուհանից՝ կտրված իրականությունից, շրջապատված «հոգևոր» պոլիտբյուրոյով։
դ. Գարեգինն ու իր պոլիտբյուրոն նրան անվանել են «ազգընտիր»։ Իրականում հայ ժողովուրդը չի մասնակցել ոչ Գարեգին Բ-ի, ոչ էլ նրան ընտրած եպիսկոպոսների ընտրությանը։ Իսկ թե ո՞ր «ազգի» կողմից է նա ընտրվել կաթողիկոս՝ թող իրենք բացատրեն։ Իսկ ազգընտիրը, համենայնդեպս, այն անձն է, որին ՀՀ քաղաքացիները ուղղակիորեն ընտրում են՝ այս պարագայում՝ ՀՀ վարչապետը։ Այս առումով էլ՝ թե ով ունի ժողովրդի անունից խոսելու լեգիտիմություն, կարծում եմ՝ ակնհայտ է։ Եթե ոչ՝ Գարեգին Բ-ին խորհուրդ կտամ անցկացնել վստահության հանրաքվե. գուցե դրանով հաղթահարի իր լեգիտիմության ճգնաժամը։
Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, այսօրվա պոլիտբյուրոն այդպես էլ չհերքեց վարչապետի այն գրառումը, որտեղ կասկածի տակ էր դրվում Գարեգին Բ-ի կուսակրոն լինելու հանգամանքը։
Կարծիքներ