Բռնի տեղահանված 13 հազար 320 երեխա շարունակում է ուսումը ՀՀ տարբեր մարզերի և Երևանի դպրոցներում

ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում վերջին տվյալներով ընդգրկված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13 հազար 320 երեխա, այդ թվում՝ Երևանում՝ 4202, Կոտայքում՝ 2310, Արարատում՝ 1853 և ավելի փոքր բաշխվածությամբ հանրապետության մյուս մարզերում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման մասով ԿԳՄՍ նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչներին պարզեցված ընթացակարգերով ընդունվել աշխատանքի:
Նախարարության կողմից հավաքագրվել են հանրապետության բոլոր դպրոցներում առկա թափուր հաստիքները, որոնք տեղակայված են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում:
Տեղեկատվական համակարգում ստեղծված բազայի միջոցով, որը կհրապարակիվի հոկտեմբերի 16-ից հետո, ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել որպես ուսուցիչ: Ներկայացված դիմումի հիման վրա, ուսուցիչները կարող են աշխատանքի անցնել իրենց կողմից ընտրված դպրոցում: Ուսուցչի հետ կկնքվի պայմանագիր 2 ուսումնական տարով:
Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձի 30 տոկոս չափով հավելավճար, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքների դպրոցներում աշխատանքի անցած ուսուցիչները բացի 30 տոկոս հավելավճարից, կստանան 50.000 դրամ լրացուցիչ հավելավճար:
Այս պահի դրությամբ, շուրջ 500 ուսուցիչ հայտագրվել է աշխատանքի համար:
Կարծիքներ