Բլինկենը կոչ է անում ազատ արձակել Հոնկոնգում կալանավորված Stand News-ի ղեկավարներին

Բլինկենը կոչ է անում ազատ արձակել Հոնկոնգում կալանավորված Stand News-ի ղեկավարներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգություն է հայտնել Հոնկոնգում ընդդիմադիր Stand News առցանց հրատարակության յոթ նախկին և ներկա առաջնորդների կալանավորման կապակցությամբ և կոչ է արել ազատ արձակել նրանց։ Նրա հայտարարության տեքստը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում ՉԺՀ-ին և Հոնկոնգի իշխանություններին դադարեցնել Հոնկոնգում ազատ և անկախ ԶԼՄ-ների հետապնդումները և անհապաղ ազատ արձակել այն լրագրողներին ու լրատվամիջոցների ղեկավարներին, ովքեր անարդարացիորեն կալանավորվել և մեղադրանք են առաջադրվել»,- գրել է նա։

«ՉԺՀ-ն և տեղական իշխանությունները, լռեցնելով անկախ լրատվամիջոցներին, խաթարում են Հոնկոնգի վստահելիությունն ու կենսունակությունը»,- համոզված է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Դեկտեմբերի 29-ին հարյուրից ավելի ոստիկաններ, դատարանի որոշման հիման վրա, ներխուժել են Stand News-ի գրասենյակ՝ առգրավելով համակարգիչներ, փաստաթղթեր և լրագրողական նյութեր: Միաժամանակ բերման են ենթարկվել այս առցանց հրապարակման յոթ նախկին և ներկա ղեկավարներ, խուզարկվել են նաև նրանց բնակարանները։ Նրանք կասկածվում են դավադրության մեջ՝ հրահրող նյութեր հրապարակելու համար, որոնք իբր ուղղված են համայնքում ատելություն և բռնություն հրահրելուն։

2014 թվականին հիմնադրված Stand News-ը չինալեզու լրատվական պորտալ է, որը քննադատում է կառավարության գործողությունները։ Այս հրապարակումն աջակցել է 2019 թվականի հակակառավարական զանգվածային ցույցերի մասնակիցներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում