Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ նկատելով, որ Բաքվի ու Երևանի համար դժվար էր համաձայնության գալ Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ անգամ չկար։

«Այժմ այն ​​(նախագիծը-խմբ.) գոյություն ունի: Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչ պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- ընդգծել է Ալիևը։

Նա միանգամայն իրատեսական է համարել մինչև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2024 թվականի համաժողովը՝ COP29-ը (ծրագրված է նոյեմբերին Բաքվում), Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելը, թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում