Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտը շրջանցող համաձայնագիր չի կնքի, վաղ թե ուշ ՀՀ-ն այն հետ կկանչի. Ջաբարով

Ռուսաստանը Հայաստանի հետ Հռոմի ստատուտը շրջանցող համաձայնագիր չի կնքի:
Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ ստորագրել միջպետական համաձայնագիր, որը կշրջանցի Հռոմի ստատուտի պահանջները։
«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև դրա հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք»,- ասել է նա «Соловьев Live» հեռուստաալիքի եթերում։
«Եվ եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների մեջ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտը»,- հավելել է Ջաբարովը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
Կարծիքներ