Հարկավոր է համաձայնության գալ տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ. Կոստանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երևան-Բաքու կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասի վերջին զարգացումներին:
Կոստանյանի խոսքով՝ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության հաստատմանը, այդ ուղղությամբ քննարկումներին և հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ հարցում անորոշություններ չպետք է լինեն»,-ասել է ԱԳՆ պաշտոնյան և հավելել, որ Ադրբեջանը թեև հայտարարում է, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, սակայն միայն բառերը բավարար չեն, գործել է պետք:
«Անհրաժեշտ է հստակ սահմանագիծ ունենալ՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան: Նաև հարկավոր է համաձայնության գալ տրանսպորտային հաղորդակցությունների բացման սկզբունքների շուրջ, որոնք հաշվի կառնեն և կհարգեն երկրների ինքնիշխանությունը»,- նշել է Կոստանյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց տներ, և թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգություն՝ Կոստանյանն ընդգծել է. «Նախնիների հայրենիքը լքած հայերից ոչ ոք չի վերադարձել այնտեղ, կարելի է արձանագրել, որ նրանք անվտանգության երաշխիքներ չեն տեսնում: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»:
Կոստանյանը հիշեցրել է, որ նախկինում եղած և այժմ առկա գործընթացները տեղի են ունենում՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը ունի որոշակի պարտավորություններ:
Կարծիքներ