Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

 

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ.Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:

 

Բացի այդ, մեղադրյալ Դ.Ա.-ն նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով` տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

 

Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա.Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ.Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան, ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: 

 

Բացի այդ, Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով, մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ՝ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

 

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա.Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ.Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում