Խաղաղապահների հետ պայմանավորվում, ապրանքներ են վերցնում, լիտրերով ձեթ պահում. Վարդանյանը խոսել է մի շարք խնդիրների մասին

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում խոսեց մի շարք խնդիրների մասին, որոնք չափազանց անհանգստացնող են:
Նա նախ հայտնեց, որ Արցախի օպերատիվ շտաբի անդամները և պատգամավորները պարբերաբար այցելում են շրջաններ, մարդկանց կարիքների գնահատում անում, արձանագրում խնդիրները:
Վարդանյանը նշեց, որ կան անթույլատրելի բաներ, որոնց մասին կխոսի առանց անունների: Օրինակ՝ արցախցի մի հայտնի ընտանիք կարողացել է մեկնել հանգստի՝ օգտագործելով ինչ-որ կապեր, ինչը շատ մեծ արձագանք է ստացել, կամ՝ անհատներից մեկը կարողացել է 2 տոննա բենզինի փոխանակում իրականացնել որոշակի ապրանքների հետ, որով լուծել է իր ընտանիքի կարիքները: Ըստ պետնախարարի՝ ավելի լավ ու ճիշտ կլիներ այդ 2 տոննա բենզինը փոխանցել շտաբին ու փորձել օգնել ավելի շատ մարդկանց:
«Մենք բոլորս նույն նավի մեջ ենք: Մարդիկ կան, որ կարողանում են ռուս խաղաղապահների հետ պայմանավորվել և որոշակի ապրանքներ վերցնել ու փոխանակել կամ վաճառել, ես դա չեմ ընդունում, չեմ ընդունում նաև մարդկանց, որոնք անպատվում են այլ մարդկանց համացանցով: Չեմ ընդունում հասարակական գործիչներին, որոնք գալիս ու բողոքում են այլ մարդկանցից, թիրախավորում ու ատելություն տարածում: Չեմ հասկանում տասնյակ լիտրերով ձեթ առած ու տանը դրած մարդկանց: Մենք պետք է ինչ ունենք, կիսենք միմյանց մեջ, սա է առողջ հասարակությունը»,- նշեց պետնախարարը:
Ռուբեն Վարդանյանը նաև հավելեց, որ Արցախում իրավիճակն իսկապես բավական ծանր է, վաղը տեղի կունենա ԱՀ կառավարության նիստ, ընդունվելու են մի շարք որոշումներ:
Կարծիքներ