2027-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը. տուգանքը՝ 100-150 հազար դրամ
Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
«Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս, բացառությամբ՝ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա»,-ասաց Մաթևոսյանը:
Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված, բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները:
«Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները»,-նշեց նախարարը:
Օրենքի խախտում թույլ տված տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության. առաջին դեպքում՝ նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում՝ 100-150 հազար դրամի չափով տուգանք:
Կառավարության կողմից հավանության արժանացած օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում:


Կարծիքներ